Ինչպես գիտենք, շրջակա միջավայրի աղտոտումը այսօր շատ արդիական է Հայաստանում: Այս խնդիրը ուղիղ կապված է մարդկանց առողջության և կյանքի որակի հետ: Տվյալ խնդրի առավել մտահոգիչ օրինակներից է Երևանում գտնվող «Նուբարաշենի աղբանոցը», որտեղ տարիներ շարունակ կուտակվում են ահռելի քանակությամբ կենցաղային և նույնիսկ վտանգավոր թափոններ: «Նուբարաշենի աղբանոցը» ամենամեծ աղբավայրն է Հայաստանում:
«Նուբարաշենի աղբանոց» -ում հրդեհների քանակը տարեցտարի ավելանում է, ինչը շատ ցավալի է: Ստորև ներկայացնում եմ աղբավայրում գրանցված դեպքերը` ըստ տարիների:

Նուբարաշենի աղբավայրի հրդեհների ազդեցությունը մարդկանց առողջության վրա:

Քաղաքային իշխանությունները գրանցել են աղտոտիչների մակարդակ, որը 15-20 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի անվտանգության չափանիշները՝ կապված քաղցկեղի, սրտանոթային և շնչառական հիվանդությունների հետ։ 2024թ. օգոստոսի 13-ին «Ազատություն Ռադիոկայանը» հայտնել է, որ աղբանոցում պարբերաբար տեղի ունեցող հրդեհները ուղիղ կապ ունեն բնակչության առողջության հետ: Օգոստոսի 13-ից 14-ը աղբավայրը անդադար հրդեհվել է: «Հիվանդությունների առաջացման ռիսկեր է պարունակում» ` մեկնաբանել է ռադիոկայանը: Ըստ մասնագետների՝ աղբի ինքնայրումից մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր նյութեր: Այրման ընթացքում առաջացող ծուխն ու մանր մասնիկները կարող են գրգռել շնչուղիները, առաջացնել հազ, կոկորդի գրգռվածություն և շնչառության դժվարացում։
Առողջական խնդիրներից բացի, ինչպիսի՞ խոչընդոտներ և խնդիրներ է առաջացնում աղբանոցը:
Աղբավայր մտած թափոնները վերամշակման չեն ենթարկվում։ Տարածքը չի համապատասխանում աղբավայրերի համար նախատեսված որևէ չափորոշչի: Այն մեկուսացված չէ ցանկապատով, չունի նաև հիմքի մեկուսացում, հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, ինչի պատճառով հոսքաջրերը աղբավայրի տարածքից հոսում են գրունտի ենթաշերտ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերը: Աղբավայրի տարածքում և դրա շրջակայքում կարող են վնասվել բնական միջավայրերը։ Աղտոտվածությունը և հրդեհները բացասաբար են անդրադառնում բույսերի, միջատների, թռչունների և այլ կենդանիների կենսապայմանների վրա։

Ինչպե՞ս կարող ենք պայքարել և կանխել հրդեհները աղբանոցում:
Իմ կարծիքով՝ Նուբարաշենի աղբավայրի խնդրով առաջին հերթին պետք է զբաղվեն գործող իշխանությունները, քանի որ դրա հետևանքով տուժում է ոչ միայն աղբավայրին հարակից տարածքների, այլև ամբողջ Երևանի բնակիչների կյանքի որակը։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է կամ փակել աղբավայրը՝ ստեղծելով թափոնների կառավարման նոր համակարգ, կամ այն արդիականացնել՝ բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան։ Սակայն այս խնդրի լուծումը միայն իշխանությունների գործը չէ․ անհրաժեշտ է նաև քաղաքացիների, մասնագետների և բնապահպանական կազմակերպությունների համագործակցությունը։ Միայն համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մաքուր, անվտանգ և առողջ միջավայր բոլորիս համար։
