Արագածի հարավային գագաթի հաղթահարումը.
Օգոստոսի 20-ին ես ընկերներիս հետ գնացի Արագածի հարավային գագաթը հաղթահարելու։ Սկզբում մի փոքր վախենում էի, քանի որ չգիտեի՝ ինչքան դժվար է լինելու ճանապարհը և արդյոք կկարողանամ մինչև վերջ հասնել։
Ճանապարհի սկզբում բավականին դժվար էր։ Որոշ հատվածներում բարձրանալը հոգնեցնող էր, և երբեմն թվում էր, թե ճանապարհը շատ երկար է։ Բայց մենք ընկերներով միասին էինք, օգնում և քաջալերում էինք միմյանց, ու դա ամեն ինչ ավելի հեշտ էր դարձնում։ Որքան առաջ էինք գնում, այնքան ճանապարհը ինձ ավելի հեշտ էր թվում, և ես ավելի վստահ էի դառնում, որ կհասնեմ գագաթին։
Վերջապես մենք հասանք հարավային գագաթին։ Այդ պահին ամբողջ հոգնածությունն ու դժվարությունը կարծես մոռացվեցին։ Առջևում բացվում էր գեղեցիկ տեսարան, և ես հասկացա, որ այդ ճանապարհն իսկապես արժեր անցնել։ Հատկապես հաճելի էր իմանալ, որ ես հաղթահարեցի իմ վախը և կարողացա հասնել նպատակիս։
Այդ օրը ինձ համար դարձավ շատ գեղեցիկ և հիշարժան փորձ։ Ես հասկացա, որ երբեմն պետք է հաղթահարել վախն ու դժվարությունները, որպեսզի հասնես այնպիսի պահերի, որոնք երկար ժամանակ կմնան հիշողությանդ մեջ։ Արագածի գագաթ բարձրանալը հենց այդպիսի հիշողություն դարձավ ինձ համար։