Բուժիչ եզան լեզուն


Եզան լեզուն ջղախոտազգիների ընտանիքին պատկանող,10-40 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է` 3-9 խոշոր, ձվաձև տերևներով։ Աճում է ճամփեզրերին, աղբուտներում, ամայի տեղերում, տնամերձ հողամասերում և մարգագետիններում: Բույսը բազմանում է սերմերով, ծաղկում է մայիս—հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Տարածված են բույսի մեծ, միջին, նշտարատերև տեսակները։ Չոր եղանակին տերևները փռվում են գետնին՝ դրանով իսկ պահպանում արմատի խոնավությունը, մինչդեռ խոնավ եղանակին տերևները բարձրանում են։
Բույսի լատինական անունը (Plantágo major) նշանակում է ուղեկից, որն առաջացել է այն բանից, որ եզան լեզվի սերմերը հողի և ցեխի հետ հաճախ կպչում են մարդու կոշիկներին՝ նրան այդպես ուղեկցելով:
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերևներն ու սերմերը, որոշ դեպքերում՝ նաև արմատը։ Այս բույսը բնական դեղամիջոց է: Այն ունի խորխաբեր, հակաբորբոքային, փափկեցնող, ինչպես նաև հակաբակտերիալ հատկություններ։ Եզան լեզվի տերևներն օգնում են ազատվել միջատների խայթոցներից առաջացած քորից ու վերքերից, իսկ տերևներով պատրաստված թուրմն օգտակար ստամոքս-աղիքային խանգարումների ժամանակ:
Եզան լեզուն երբեմն օգտագործում են նաև խոհանոցում: Բույսի մատղաշ տերևներն ավելացնում են աղցանի կամ ապուրների մեջ:
Ահա այսպիսի օգտակար հատկություններով է օժտված հետաքրքիր անվանումով եզան լեզուն, որը կարող է լուծել առողջական շատ ու շատ խնդիրներ: