Գրականություն. 04.11.26.

Կարդա «Մոր սիրտը» , բալլադը։

Ընտրիր պնդումներից մեկը եւ հիմնավորիր․

  1. Սերը ամենաուժեղ զգացումն է․ մարդ ամեն ինչի, առանց բացառության, ընդունակ է հանուն դրա։
  2. Զավակներ կան, որ անշնորհակալ են եւ ընդունակ են անցնելու իրենց ծնողների դիակի վրայով սեփական ցանկություններն իրականացնելու համար։

Սերը ամենաուժեղ զգացումն է․ մարդ ամեն ինչի, առանց բացառության, ընդունակ է հանուն դրա։

Ես ընտրում եմ այս պնդումը։ Սերը, իմ կարծիքով, ամենաուժեղ զգացումն է, և դրանից ավելի հզոր զգացում չկա։ «Սեր» ասելով՝ միանգամից մտածում ենք որևէ տղայի մասին, ով սիրում է որևէ աղջկա, կամ հակառակը։ Սակայն սերը շատ ավելին է։ Սեր կարող է լինել ծնողների, ընկերների, կենդանիների, հայրենիքի հանդեպ։ Կարծում եմ՝ հենց դա է, որ դարձնում է սերն այդքան բազմակողմանի և ուժեղ զգացում։
Մեկին շատ սիրելով՝ մարդը կարող է ինքնըստինքյան դառնալ այդ մարդու զոհը, քանի որ պատրաստ կլինի անել ամեն բան, ինչ նա կցանկանա՝ նրան գոհացնելու համար։ Միայն իսկապես և խորապես սիրող մարդիկ կարող են պատրաստ լինել ամեն ինչի՝ հանուն իրենց սիրելի մարդու։ Նույնիսկ՝ չմտածված և անհեթեթ քայլերի, որոնց համար հետո կարող են փոշմանել։
Սերը կարող է մարդուն ուժ տալ, բայց միևնույն ժամանակ նաև դարձնել խոցելի, քանի որ երբեմն հանուն սիրելի մարդու մենք մոռանում ենք անգամ մեր սեփական ցանկությունների ու կարիքների մասին։

Բանաստեղծության մասին տպավորություններդ գրառիր։

Բանաստեղծությունն ընթերցելուց հետո շատ տպավորված էի դրա խորությամբ։ Այն ստիպում է մտածել: Կարդալուց հետո ևս մեկ անգամ ավելի լավ հասկացա մայրական սիրո վեհությունն ու անսահմանությունը։ Բանաստեղծությունը չի փորձում մեղավորներ գտնել կամ քննադատել տղայի և աղջկա արարքները։ Այն պարզապես պատկերավոր կերպով ներկայացնում է յուրաքանչյուր մոր զգացմունքներն իր երեխայի հանդեպ։ Շատ հավանեցի այս բանաստեղծությունը և կարծում եմ՝ այն դարձավ իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը։

Կարդա Ավ․ Իսահակյանի «Հավերժական սեր» բալլադը․

Ո՞ր երկրի թագավորի մասին է պատմությունը։ Ավետիք Իսահակյանի «Հավերժական սեր» ստեղծագործության պատմությունը Թադմորի արքա Էլ-Սամանի մասին է։ Թադմորը հնագույն քաղաք է, որը գտնվում է ներկայիս Սիրիայի տարածքում։

Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։ Ստեղծագործության սկզբում Թադմորի ապարանքը նկարագրվում է որպես շքեղ, գեղեցիկ ու կենդանի մի վայր։ Իսկ վերջում ապարանքը ներկայացվում է որպես լքված, ամայի ու անշունչ վայր, որտեղ այլևս չկա նախկին շքեղությունն ու ուրախությունը։  Այս երկու նկարագրությունների մեջ, Իսահակյանը ցույց է տալիս, որ ժամանակն ամեն ինչ փոխում է, և նույնիսկ ամենագեղեցիկ ու շքեղ պալատները կարող են վերածվել ավերակների։ Սակայն մարդու իսկական սերը կարող է հավերժ մնալ։ Հեղինակի բանաստեղծական մտահղացումն այն է, որ սերն ավելի ուժեղ է, քան ժամանակը, կյանքն ու մահը։

Պարզիր՝ ինչ է նշանակում «Լուսիններ են եկել-անցել․․․»

«Լուսիններ են եկել-անցել…» արտահայտությունը պատկերավոր և բանաստեղծական ձևով նշանակում է երկար ժամանակ է անցել, ամիսներ կամ տարիներ են գլորվել։ Այս արտահայտության հիմքում ընկած է բնության երևույթը. քանի որ լուսնի փուլերի ամբողջական փոփոխությունը (նորալուսնից մինչև հաջորդ նորալուսին) տևում է մոտ մեկ ամիս, հին ժամանակներում մարդիկ ժամանակը հաճախ հաշվում էին «լուսիններով»։ Հետևաբար, երբ ասվում է «լուսիններ են եկել-անցել», նկատի է առնվում, որ լուսինը բազմիցս ծագել ու մարել է, այսինքն՝ շատ ամիսներ (ժամանակ) են անցել։

Մեկնաբանիր «Չէացնող համբույրներում դյութական, Հանց հինավուրց հեքիաթական գինու մեջ, Թալկանում է և հալչում է Էլ-Սաման… Ժամանակը դառնում` վայրկյան ու հավերժ…» տողերը։

Այս տողերում հեղինակը պատկերավոր ներկայացնում է սիրո կախարդական ուժը։ Էլ-Սամանն այնքան է տարված սիրելիի համբույրներով, որ կարծես կորցնում է իրականության զգացողությունը։ Սերը նրան կլանում է ամբողջությամբ, և նա մոռանում է ժամանակի մասին։ Սիրելիի կողքին նույնիսկ մեկ վայրկյանը կարող է հավերժություն թվալ, իսկ հավերժությունը՝ մի ակնթարթ։ Իմ կարծիքով՝ այս տողերով Իսահակյանը ցանկանում է ցույց տալ, որ իսկական սիրո մեջ մարդն այնքան երջանիկ է, որ ժամանակն այլևս նշանակություն չի ունենում։

Առանձնացրու մեկ տող, որն ամենակարեւորն ես համարում այս բալլադում։

Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:

Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

Բամբիշ — թագուհի, իշխանուհի, մանկլավիկ — մեկին ստրկամտորեն ծառայող մարդ, հաճկատար, պնակալեզ, նաժիշտ — սպասավորուհի, աղախին, ձեղուն — շինության ծածկ, տանիք, սնդուս — ողորկ ու փայլուն երեսով գործվածք (սատին, ատլաս), թալկանալ — ուշաթափվել, եբենոսյան-եբենոսի փայտից պատրաստած, մուշկ- բուրավետ յուղային նյութ, որ ստացվում է մշկայծյամի մշկագեղձերից, կնդրուկ — մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:

Գտիր հատուկ անունները, համացանցից տեղեկություններ գտիր դրանց մասին։

Թադմոր — Սիրիայի անապատում գտնվող պատմական բնակավայր և քաղաք: Էլ-Սաման – Թադմորի արքա է, որը ստեղծագործության մեջ ներկայացվում է որպես իր սիրելի բամբիշին՝ թագուհուն, անմնացորդ սիրող մարդ։ Լիբանան- աշխարհագրական հատուկ անուն։ Այն պետություն է Մերձավոր Արևելքում՝ Միջերկրական ծովի արևելյան ափին։ Տյուրոս- հատուկ աշխարհագրական անուն։ Այն հին փյունիկյան նշանավոր քաղաք է, որը գտնվում է ներկայիս Լիբանանի տարածքում՝ Միջերկրական ծովի ափին։ Սիդոն- հատուկ աշխարհագրական անուն: Արուսեկ — Վեներա մոլորակի մեկ այլ անվանում։

Добавить комментарий