Հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 9:00-ին, մենք խմբով ուղևորվեցինք դեպի Տավուշի մարզ: Առավոտյան եղանակը այնքան էլ խոստումնալից չէր, բայց դա մեզ ընդհանրապես չխանգարեց, և մի քանի ժամից մենք արդեն Բերդ քաղաքում էինք:
Վերջապես հասանք Բերդ քաղաք և տեղավորվեցինք հյուրանոցում։ Մեզ շատ դուր եկավ մեր սենյակը, և առաջին իսկ պահից տպավորված էինք դրա հարմարավետությամբ։ Ցավոք, այդ օրը չկարողացանք զբոսնել կամ քայլարշավի գնալ, քանի որ հորդառատ անձրև էր: Այդ պատճառով ամբողջ օրը մնացինք հյուրանոցում, զրուցեցինք և միասին հաճելի ժամանակ անցկացրինք։ Թեև այդ օրը չկարողացանք զբոսնել, նույնիսկ ավտոմեքենայի պատուհանից հասցրեցի հիանալ քաղաքի և շրջակա բնության գեղեցկությամբ։
Հոկտեմբերի 23-ին ունեցանք անմոռանալի քայլարշավ դեպի Խորանաշատ վանք։ Ճանապարհը կարճ էր և այնքան էլ դժվար չէր, թեև ամբողջ ընթացքում բավականին շոգ էր։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ավելի լավ է քայլել շոգ եղանակին, քան մռայլ ու անձրևոտ պայմաններում։
Հենց Խորանաշատ հասանք, բոլորիս տրամադրությունն անմիջապես փոխվեց։ Մենք ներս մտանք, աղոթեցինք, ապա լուսանկարվեցինք վանքի մոտ՝ պահպանելով այդ գեղեցիկ պահերը` որպես հիշողություն։
Քառօրյա ճամփորդության ընթացքում այցելած բոլոր վայրերից Խորանաշատն ինձ համար դարձավ ամենագեղեցիկն ու ամենահիշարժանը։ Ես մեծ տպավորություն ստացա թե՛ վանքի պատմությունից, թե՛ գեղեցկությունից։
Հոկտեմբերի 24-ը մեր ճամփորդության ամենաբարդ, բայց միևնույն ժամանակ ամենահիշարժան օրերից մեկն էր։ Այդ օրը մեզ սպասվում էր երկար քայլարշավ դեպի Ղուզանի քար։ Թեև եղանակը կրկին վատն էր, ճանապարհների գեղեցկությունն ու մաքուր օդն այնքան հաճելի էին, որ նույնիսկ մռայլ եղանակին քայլելը յուրահատուկ հաճույք էր պատճառում։
Վերջապես հասանք Ղուզանի քար և ապշեցինք այդ վայրի գեղեցկությունից ու բարձրությունից։ Եղանակը մշուշոտ էր, և հեռվում գրեթե ոչինչ չէր երևում, ինչն այդ վայրին հաղորդում էր խորհրդավոր տեսք։
Այնտեղ բնությունն այնքան գեղեցիկ ու տպավորիչ էր, որ մեզնից ոչ ոք չէր ցանկանում հեռանալ։
Սակայն մեր ամենաբարդ փորձությունը դեռ առջևում էր։ Ղուզանի քարից հետո ուղևորվեցինք դեպի Կապտավանք, և հենց այդտեղ էլ սկսվեց մեր ճամփորդության ամենադժվար հատվածը։ Ճանապարհն անասելի բարդ էր՝ ցեխոտ ու խորդուբորդ։ Մենք երկար ժամանակ քայլում էինք այդ դժվար պայմաններում՝ զգուշորեն առաջ շարժվելով և միմյանց օգնելով։
Այդ պահին ես բավականին նյարդայնացել էի և, անկեղծ ասած, դժվարությամբ էի պատկերացնում, թե երբ ենք վերջապես հասնելու։ Սակայն հիմա, երբ հիշում եմ այդ օրը, հասկանում եմ, որ հենց այդ դժվարություններն էլ դարձան ճամփորդության ամենավառ ու ծիծաղելի հիշողություններից մեկը։
Ես ոչ մի վայրկյան չեմ զղջում, որ մասնակցեցի այդ քայլարշավին։ Թեև վերջում հոգնած էինք, իսկ կոշիկները՝ ամբողջովին ցեխոտ, հյուրանոց վերադարձանք մեծ բավականությամբ և բազմաթիվ զվարճալի պատմություններով։ Ճանապարհն ավելի հետաքրքիր էին դարձնում նաև բնության անսպասելի հանդիպումները․ ճանապարհին տեսանք վայրի խոզեր, կովեր, ցլեր և շներ։ Այդ ամենը մեր արկածն ավելի յուրահատուկ դարձրեց և ապացուցեց, որ երբեմն հենց դժվարություններն են ճամփորդությունը դարձնում անմոռանալի։
Հոկտեմբերի 25-ը մեր ճամփորդության վերջին օրն էր, որը նույնպես լի էր ուրախ պահերով ու գեղեցիկ տպավորություններով։ Այդ օրը մեզ սպասվում էր զվարճալի քայլարշավ դեպի Ցլիկ Ամրամի բերդ։ Այնտեղից բացվող տեսարանն անասելի գեղեցիկ էր․ շուրջբոլորը ձգվող բնությունն այնքան տպավորիչ էր, որ հենց այդ պահին իսկապես գիտակցեցի, թե որքան գեղեցիկ ու հարուստ է հայկական բնությունը։
Մինչև հիմա ժպիտով եմ հիշում, թե ինչպես էի իջնում բերդից․ Թեև արդեն մեր վերջին օրն էր, մենք դեռ հասցրեցինք վայելել Տավուշի գեղեցկությունն ու միասին անցկացրած ժամանակը։
Մեր վերջին կանգառը Սորանների դենդրոպարկն էր։ Այնտեղ զբոսնեցինք այգով, բազմաթիվ լուսանկարներ արեցինք և վայելեցինք բնության խաղաղությունն ու գեղեցկությունը։ Դենդրոպարկից հետո ճանապարհ ընկանք դեպի Երևան՝ մեզ հետ տանելով չորս օրերի ընթացքում կուտակած անմոռանալի տպավորությունները, բազմաթիվ լուսանկարներն ու զվարճալի պատմությունները։
Այս ճամփորդությունն ինձ համար պարզապես մի քանի օրով այլ վայր այցելելու հնարավորություն չէր։ Այն նոր մարդկանց հետ շփվելու, դժվարությունները հաղթահարելու, բնության գեղեցկությունը բացահայտելու և ընկերներիս հետ անմոռանալի պահեր ապրելու հրաշալի առիթ էր։ Վստահ եմ, որ այս չորս օրերը դեռ երկար կմնան իմ հիշողության մեջ: