Անկեղծ չենք.

Անկեղծ չենք: Ընդհանրապես անկեղծ չենք:

Գիտե՞ք, անկեղծությունը տարիք չի հարցնում: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա բնավորության այդ կարևոր գիծը, ինչպիսին անկեղծությունն է: Մարդկանց մեջ ամենաշատը ատում եմ ստախոսությունն ու կեղծավորությունը: Խաբելով ուրիշներին՝ մենք չգիտակցելով խաբում ենք նաև մեզ: Չէ՞ որ առաջին հերթին մեզ ամենամոտ մարդն ինքներս մենք ենք: Այո, դա չի նշանակում, որ մենք իրավունք չունենք ընկերներ, հարազատներ ունենալու, բայց փաստը մնում է փաստ, որ դժվար պահերին միայն մենք ինքներս կարող ենք լինել մեր կողքին: Ո՞վ պետք է բռնի քո ձեռքը, ո՞վ պետք է աղոթի քեզ համար, ո՞վ պետք է կիսի քեզ հետ քո ուրախությունն ու տխրությունը: Դու: Միայն դու: Ոչ ոք, նույնիսկ քո ծնողները պարտավոր չեն քո փոխարեն կատարել քո պահանջմունքները, յուրաքանչյուրը պետք է ապրի իր համար: Շարունակ տանջվելով ուրիշների համար, մենք չենք զգում, թե ինչպես են կյանքի տարիները թռչում, և մենք այդպես էլ չենք հասցնում որևէ բան անել մեր օգտին: Մարդիկ գնում և գալիս են, սակայն դու միշտ լինելու ես քո կողքին և ուղեկցելու ես քեզ ողջ կյանքդ: Դու քեզ ամենահարազատ և ամենահավատարիմ մարդն ես, որը ինչքան էլ ուզի, չի կարողանա քեզնից հեռանալ, մեջքիդ հետևը խոսել: Իսկ հիմա պատկերացրու: Տհաճ է, չէ՞, երբ ստիպված ես լինում խաբել քեզ սիրելի և հարազատ մարդկանց, ստել իրենց մասին և այլն: Դու քեզ ամենայն հավանականությամբ շատ վատ և ճնշված ես զգում: Իսկ երբեք չե՞ս մտածել, որ դու առաջին հերթին խաբում ես ինքդ քեզ: Ուրիշներին խաբելու համար մենք մտածում ենք մեր ստի մասին և ինքներս չնկատելով փորձում ենք շեղվել իրականությունից ՝ համոզելով մեզ, որ սուտ և քաղցր խաբկանքն ավելի ճիշտ է քան դառը ճշմարտությունը: Ստելով ուրիշներին, մենք վնասում և վիրավորում ենք ինքներս մեզ: Եվ ի սկզբանե, ուրիշների դիմաց անկեղծ լինելու համար մենք առաջին հերթին պետք է անկեղծ լինենք ինքներս մեր դիմաց:

Մարդիկ ամիսներ, տարիներ շարունակ թաքցնում են իրենց իսկական դեմքը և վաղ թե ուշ հոգնում են դրանից: Չէ՞, որ շատ դժվար է անընդհատ ձևանալ, թե դու միշտ ուրախ ես, խնդիրներ չունես , միշտ ժպտում ես և այլ հազարավոր կերպարներ: Դա ուղղակի կեղծ կերպար է, որը մենք ստեղծում ենք մարդկանց հարմարվելու կամ դուր գալու համար: Իսկ չե՞ք մտածել, որ միգուցե ձեր դիմակը դեմքից հանելուց հետո դուք կարող եք ավելի շատ դուր գալ ձեր շրջապատին: Միգուցե ձեր կեղծ կերպարի մեջ կան շատ արհեստական բնավորության վատ գծեր, որոնք դուք իրականում չունեք: Միգուցե դրանցից ազատվելուն պես դուք ավելի շատ սիրվեք բոլորի կողմից: Եվ վերջիվերջո հիշեք: Աստված ստեղծել է իսկական, անկեղծ մարդկանց, որպեսզի նրանք լցնեն աշխարհը, այլ ոչ թե կեղծ մահկանացուների, և շրջապատի կողմից սիրված լինելու համար, պետք է առաջին հերթին մենք սիրենք ինքներս մեզ:

Անկեղծությունը կենսակերպ է:

Оставьте комментарий