Ալավերդի

Ալավերդին հանքարդյունաբերական քաղաք է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝ Դեբեդ գետի նեղ կիրճի լանջերին և Սանահինի սարահարթում։ Որոշ պատմական աղբյուրների համաձայն՝ քաղաքը, որպես ավան, ձևավորվել է 19-րդ դարի վերջերին, երբ 1899 թ-ին մի ձուլարան կառուցվեց այսօրվա վայրում, որտեղ մինչ այդ գիհիների խիտ անտառ և Սանահին գյուղի մրգատու այգիներ էին։
Ալավերդին և նրա մերձակայքը բնակեցված են եղել դեռևս հին ժամանակներից։ Հայտնաբերված հնագիտական նյութերն ընդգրկում են պատմական համարյա բոլոր դարաշրջանները։ Տարբեր ժամանակներում այստեղ գտնվել են պղնձե և բրոնզե աշխատանքային գործիքներ, զենքեր, զարդեր, որոնցից ամենահինը պղնձե կտցավոր կացինն է։ Այն թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին:
Վաղ միջնադարից Ալավերդին եղել է Հարավային Կովկասի մետաղագործական կարևոր օջախ։
Սպիտակ

Սպիտակ քաղաքը Լոռու մարզի խոշոր քաղաքներից է, գտնվում է Վանաձոր—Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակի հովտում: Մինչև 1949 թ-ը քաղաքը կոչվել է Համամլու։ Այս անվան մասին կան ենթադրություններ, որ գյուղի բնակչության զգալի մասը, մոտ երեք դար առաջ գաղթել է Պարսկահայքի Հեր (Խոյ) գավառից։ Համամլու կամ Համամլի անվանումը հավանաբար առաջացել է պարսկերեն համամ՝ բաղնիք բառից։ Բաղնիքների առկայության մասին են վկայում հայտնաբերված կավե մեծ կարասներն ու խողովակները։
Սպիտակը 1960 թ-ին ստացել է քաղաքի, 1971 թ-ին՝ հանրապետության ենթակայության քաղաքի կարգավիճակ: Այն ձևավորված է նստվածքային հրաբխածին, ներժայթքային ապարներից՝ կրաքարեր, տուֆածին ապարներ, բազալտ ու ավազաքարեր։
Սպիտակով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները։ Սպիտակ քաղաքի խորհրդանշանի կենտրոնում տեղադրված հուշարձանը խորհրդանշում է հին Սպիտակը՝ որպես երկրաշարժին դիմակայած կառույց, իսկ առանցքից աջ և ձախ տեղադրված արծիվները խորհրդանշում են հին ու նոր և հավերժ մնայուն Սպիտակը:
Թումանյան (քաղաք)

Թումանյան քաղաքը գտնվում է Դեբեդ գետի ափին: Քաղաքի կարգավիճակ ունի 1995 թ-ից։ Այստեղ բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ և արդյունաբերությամբ։ Տարածքում է գտնվում 12-13-րդ դարերում կառուցված Քոբայրի վանական համալիրը, որի կազմում են Մարիամաշեն միանավը և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները։
Ստեփանավան

Ստեփանավան քաղաքը գտնվում է Լոռու մարզի Ձորագետի հովտում: Ունի բարեխառն, չափավոր խոնավ կլիմա։ Շրջակայքում կան անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։ Հայ հեղափոխական, քաղաքական գործիչ Ստ. Շահումյանը, ում անունով անվանվել է քաղաքը, Ստեփանավան քաղաքի կլիման և բնությունը համեմատել է Շվեյցարիայի բնության և կլիմայի հետ:
Քաղաքը դարերի պատմություն ունի։ Դեռևս մ.թ.ա. 2-1-ին դարերում Ստեփանավանն իր շրջակայքով կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը և մտել է Արտաշեսյան թագավորության մեջ։ Մ.թ.1-4-րդ դարերում եղել է Արշակունյաց թագավորության կազմում։ 10-րդ դարում եղել է պատմական Տաշիր-Ձորագետի թագավորության մայրաքաղաքը՝ Լոռե բերդաքաղաքով։