Պատմությունը և գրականությունը հաճախ միահյուսվում են` ստեղծելով ազգային հիշողության և ինքնության էջեր: «Թմկաբերդի առումը» գրել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը: Այն խորհելու առիթ է տալիս մարդու ընտրությունների, հավատարմության, և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մասին: Ստեղծագործությունը սովորեցնում է, որ հայրենիքը պաշտպանելը յուրաքանչյուրի պարտքն է, իսկ դավաճանությունը կարող է կործանիչ հետևանքներ ունենալ:
«Թմկաբերդի առումը» ստեղծագործության հիմքում ընկած է ողբերգական պատմություն, որտեղ խառնվում են սերը, հավատարմությունն ու հայ ազգի բնավորությունը: Թմկաբերդը երկար ժամանակ անառիկ էր թշնամու համար, քանի որ այն պաշտպանում էր քաջ և նվիրված Թաթուլը, բայց վերջիվերջո բերդը ընկավ ` Թաթուլի կնոջ դավաճանության պատճառով: Սա պատմում է, թե ինչքան կարևոր է մարդու համար սիրված լինելը: Այն ցույց է տալիս, որ մարդ միշտ հիշվում է, սակայն կարևոր է լավ արարքներով հիշվել, իսկ Թաթուլի դավաճան կինը հիշվեց միայն իր ստոր արարքով: Դավաճանությունը ստեղծագործության գլխավոր գաղափարներից է: Հեղինակը ցույց է տալիս, որ արտաքին թշնամին այդքան վտանգավոր չէ, ինչքան ներքին դավաճանությունը: Երբ մի մարդ մոռանում է հայրենիքը, խաղաղության հասնելու ճանապարհը, և տրվում է միայն սեփական զգացմունքներին և շահերին, հետևանքները կարող են ողբերգական լինել ողջ ժողովրդի համար:
Իմ կարծիքով, «Թմկաբերդի առումը» շատ ուսանելի ստեղծագործություն է, հատկապես այսօր, երբ ստեղծագործության մեջ քննարկվող թեմաները ցավոք սրտի դեռ արդիական են: Այստեղ սերը ցուցադրվում է որպես օգնող գործիք, բայց նաև կարող է լինել կործանող, եթե լինի սխալ ուղղությամբ:
Ամփոփելով կարելի է ասել, որ «Թմկաբերդի առումը» ոչ միայն պատմություն է անցյալից, այլև կարևոր պատգամ, որում քննարկվող թեմաները դեռ մեծ նշանակություն ունեն և պետք է դաս լինեն ` ապագա սերունդների համար: