Ողջույն, ես Եվա Պապյանն եմ Անահիտ Մելքոնյանի ձմեռային ճամբարի ջոկատից: Այսօր կպատմեմ մեր անմոռանալի և արկածներով լի օրվա մասին, որը անցկացրել ենք Կոտայքի մարզում ` Լեռնանիստ գյուղում:
Այս օրվան անհամբեր սպասում էր ամբողջ ջոկատը: Առավոտյան ժամը 10:00-ին ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզ: Թեպետ եղանակը բավականին ցուրտ էր, բայց դա չխանգարեց մեզ վայելել մեր օրը: Երբ հասանք, մեզ դիմավորեց ձյունն ու մաքուր օդը, ինչն օրվա տրամադրությունը դարձրեց ավելի հաճելի:
Մոտ ժամուկեսից արդեն Լեռնանիստում էինք: Դրեցինք մեր գլխարկներն ու ձեռնոցները և մեծ սպասումներով սկսեցինք սահել կլոր, փափուկ սահնակների վրա: Ստացանք անմոռանալի հիշողություններ, նկարեցինք լիքը հիշվող կադրեր և աննկարագրելի հաճույք ստացանք սահնակներից, եղանակից և մեր համախմբվածությունից:

Օգնելով և հրելով միմյանց սահնակները բոլորս կարողացանք ստանալ բավականաչափ ադրենալին և վայելեցինք մեզ շրջապատող առատ ձյունը: Անպայման կշեշտեմ, որ առանց մեր ջոկատի ջերմ մթնոլորտի և ամենասիրելի ուսուցիչների, այս օրը նույնքան հիշվող և ուրախ չէր լինի, ինչպիսին ի ուրախություն բոլորիս եղավ այսօր:
Շատ մոտիկից ունեցանք հանդիպում ձյան հետ, ինչում կարող եք համոզվել ներկայացված նկարներին նայելով: Շուրջ բոլորը այնքան ձյուն կար, որ կարծես թե հեքիաթ լիներ:

Մի լավ սահելուց և մրսելուց հետո բնականաբար հոգնել էինք և ուզում էինք մի փոքր հանգստանալ: Մեզ տրամադրված ջերմ քոթեջում պատրաստեցինք կարտոֆիլի պլեճ: Թվում էր, թե այդքան համեղ կարտոֆիլ երբեք չէինք կերել, քանի որ այն պատրաստված էր ոչ միայն տաք կրակի, այլ նաև ջերմության և ընկերության հիման վրա:

Մի փոքր հանգստանալուց հետո ճանապարհ ընկանք դեպի Երևան: Գնալու և գալու ճանապարհները լի էին երաժշտությամբ, պարերով և անմիջական խոսակցություններով, որոնք միայն մտերմացրեցին բոլորիս և դարձրեցին այս օրը ավելի ջերմ և հիշվող: Այսպիսով Լեռնանիստը նվիրեց մեզ մի օր, որը դեռ երկար կմնա մեր հիշողություններում:
Շնորհակալություն մեր սիրելի ընկեր Անահիտին և ընկեր Ռիմային ` այս օրը կազմակերպելու համար: