Արդարությունը մեր կյանքի անխտիր, ամենակարևոր արժեքներից և մարդկային պահանջմունքներից մեկն է: Ցանկալի է, որ արդար կերպով լուծվեն անձնական, ընտանեկան, քաղաքական, ընկերական խնդիրները: Բայց, ցավոք սրտի, գրեթե ամեն օր բոլորս բախվում ենք արդարության բացակայության խնդրին:
Ես կարծում եմ, որ բոլոր կրթօջախներում, բոլոր ընտանիքներում, կազմակերպություններում պետք է առաջնահերթ դիրքում պետք է լինի արդարությունը, քանզի դրանով են մարդիկ հետագա հաջողությունների հիմքը դնում: Արդարություն պետք է լինի նաև դպրոցում: Աշակերտների միջև խտրականություն չպետք է դրվի` պայմանավորված նրանց ընտանիքի ֆինանսական կարգավիճակով: Սովորողները պետք է գնահատվեն՝ միայն ըստ իրենց գիտելիքների ու կարգապահության: Կարևոր է նաև նրանց միջև ընկերական, ազնիվ ու հավասար շփումը, որը պայմանավորված չէ յուրաքանչյուրի հեռախոսի, հագուստի կամ, ասենք, համակարգչի ապրանքանշանով և գնով, քանի որ դպրոցը ոչ թե մրցելու, այլ կրթվելու հարթակ է: Դա է արդարությունը, որը պետք է գործի դպրոցում: Նույնն էլ աշխատանքի վայրում: Բիզնես գործընկերներ ընտրելիս՝ պետք է նախապատվությունը տալ միայն վստահելի և արդար մարդկանց, որոնք ճանապարհի կեսից ձեզ չեն խաբի կամ դավաճանի: Կասկածելի անձանց հետ անհնար է հասնել հաջողության և արդարության: Աշխատանքում պետք է հաղթի արդարությունը, և լավ աշխատողը պիտի իր հմտություններին և գործելաոճին վայել վարձատրվի, իսկ գործին մատների արանքով նայող, բայց տնօրենի մորաքրոջ տղա համարվող աշխատակիցը չի կարող գնահատվել ավելի բարձր:
Բոլորիս մեջ էլ ի ծնե կա արդարության ձգտումը: Անգամ փոքր երեխան, իր համառ լացով փորձում է հասկացնել իր պահանջները՝ ցանկանալով հասնել իր փոքրիկ բաժին արդարությանը: Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք արդարությունը՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ կյանքի: