Համո Սահյան. «Մի բուռ աշուն բերեք»

Ընթերցի՜ր բոլոր բանաստեղծությունները,բացատրի՜ր յուրաքանչյուրի միտքը և ընտրի՜ր որևէ մեկը՝ անգիր արտասանելու համար։

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Կարծում եմ, միտքն այն է, որ աշունը արդեն մոտենում է, ծառերը կարմրում են և եղանակը աստիճանաբար ցրտում է:

Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Կարծում եմ, այստեղ նկարագրվում է աշնանային ցուրտ օր և անհայտ եղանակ, կարծես ոչ ոք չիմանա, անձրև՞ է գալու, թե՞ ձյուն:

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Այստեղ էլ խոսվում է հակառակը ՝ աշնան հեռանալու և ձմռան մոտենալու մասին:

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Կարծում եմ, այստեղ Համո Սահյանը խնդրում է, որպեսզի իրեն մի բուռ աշուն բերեն և խոսում է մեծ կարոտով:

Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Խոսվում է անտառի աշնան մասին:

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Այստեղ աշնան հեռանալն է նկարագրվում:

Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար –
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

Ինձ թվում է, այստեղ խոսվում է խորը աշնան մասին, երբ եղանակը փոփոխական է և շուրջը ծառերը ներկվել են այնպիսի վառ գույներով, որ կարծես հրդեհ լինի:

Оставьте комментарий