Ես հասկացել եմ.

Իրականում, կյանքիս ընթացքում շատ բաներ եմ հասկացել: Ընդհանրապես, ես սիրում եմ նոր վայրեր բացահայտել, հետաքրքրվել նոր փաստերով և կատարել ուսումնասիրություններ ՝ դպրոցական ծրագրից դուրս: Անկեղծ, շատ հաճելի է, երբ դու ինքդ ես որևէ բան ձեռնարկում ու սովորում, և հետագայում նկատում ես, թե ինչ մեծ բավականություն ես ստանում արածդ գործից: Աշխարհը լի է անծայրածիր հնարավորություններով, և փառք Աստծո, որ դռները բաց են նաև մեր երկրի համար: Ցավալի է, բայց ոչ բոլորն են գնահատում իրենց ունեցվածքն ու իրենց դիմաց բացված ճանապարհները ՝ սպասելով հրաշքի: Իհարկե, հրաշքներն իրականանում են, բայց դա բնավ չի նշանակում, որ երազանքներին հասնելու համար պետք է անգործ նստել և սպասել այդ ցանկալի հրաշքի իրագործմանը: Մարդիկ շարունակ ձեռքերը ծալած նստում են և շատ անգամներ ոչնչի չեն հասնում այս կյանքում..

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես շատ կարևոր բաներ եմ հասկացել: Հասկացել եմ, որ ամենքս պետք է գնահատենք այն, ինչ ունենք, որովհետև Աստված տվել է մեզ այն, ինչին մենք արժանի ենք: Բազմաթիվ ուսումնասիրություններիս ժամանակ չեմ շրջանցել մի շարք աղքատ և աշխարհից գրեթե կտրված երկրներ և պետություններ: Պատկերացրեք, որ նրանք չունեն սովորելու և հագնվելու գումար, չեն կարող ամեն օր կուշտ ուտել, ոմանք չունեն իրենց գլխի վերևում կտուր, խմում են կեղտաջուր և ապրում աննկարագրելի աղքատության մեջ: Իսկ հիմա համեմատեք նրանց մեզ հետ: Մենք ունենք այն ամենը, ինչի մասին նրանք երազում են: Ջրի ահռելի պաշար, համեղ ուտելիք, խաղաղ կյանքի պայմաններ, լավ հագնվում ենք և սովորում պատշաճ դպրոցներում: Սակայն չգիտես ինչու, մեր բնակիչներն ավելի շատ են բողոքում կյանքից, քան հեռավոր և լքված երկրների բնակիչները: Ես կարծում եմ, որ ամենակարևորն ինչ ունենք մենք ՝ ժամանակն է: Ժամանակը տրված է արարելու, ապրելու և աշխարհը լցնելու համար, և մենք պետք է սիրենք մեզ տրված յուրաքանչյուր մանրուք և պահպանենք մեր երկիրն:

Ժամանակը մարգարիտի նման թանկ է, իսկ մարգարիտն ինչքան էլ թանկ լինի, պետք է ամուր պահես, քանզի այն հոգեպես անգին է:

Оставьте комментарий