Վահանաձև գեղձի խնդիրները ազդում են օրգանիզմի նյութափոխանակության գրեթե բոլոր կենսականորեն կարևոր օղակների վրա:

Վահանաձև գեղձը փոքրիկ ներզատական օրգան է, որը տեղակայված է պարանոցի վրա, կոկորդի հիմքի մոտ: Այս գեղձն արտադրում է հորմոններ (կոչվում են թիրեոիդ հորմոններ), որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության տարբեր կարևորագույն օղակները: Մասնավորապես, վահանաձև գեղձն իր հորմոնների միջոցով մասնակցում է սրտանոթային համակարգի գործունեությանը, մարմնի ջերմաստիճանի և զանգվածի կարգավորմանը:
Եթե վահանաձև գեղձը դառնում է գերակտիվ, թերակտիվ, կամ ենթարկվում է քաղցկեղային փոփոխությունների, առաջ են գալիս ամենատարբեր բնույթի առողջական խնդիրներ։

Վահանաձև գեղձի խնդիրները կարող են պատճառվել տարբեր գործոններով, այդ թվում՝
- Յոդի անբավարարություն՝ (դեֆիցիտ):
- Վահանաձև գեղձի բորբոքում (թիրեոիդիտ)՝ պայմանավորված վիրուսներով կամ բակտերիաներով:
- Վահանաձև գեղձի ներսում ոչ քաղցկեղային հանգույցների առաջացում:
- Բուժման որոշ տեսակներ, օրինակ՝ ճառագայթային թերապիա, վահանաձև գեղձի վիրահատություններ կամ որոշ դեղեր:
- Ժառանգական որոշ հիվանդություններ:
Հազվադեպ, հղիությունը նույնպես կարող է առաջացնել վահանաձև գեղձի խնդիրներ: Չբուժելու դեպքում կարող են բարդություններ առաջանալ ինչպես մոր, այնպես էլ պտղի կամ նորածնի մոտ:

Վահանաձև գեղձի առաջացրած ամենատարածված խնդիրները կարելի է բաժանել հետևյալ երեք խմբերի՝
- Թիրեոտոքսիկոզը (հիպերթիրեոիդիզմ) այն վիճակն է, երբ գերակտիվացած վահանաձև գեղձն արտադրում է նորմայից ավելի մեծ քանակներով թիրեոիդ հորմոններ: Թիրեոտոքսիկոզի հիմնական նշաններն են անհանգստությունը և գերգրգռվածությունը, տաք կամ շոգ միջավայրերին չդիմանալը, սրտխփոցի զգացումը, ընդհանուր թուլությունը և նիհարումը:
- Հիպոթիրեոզը, հակառակ վերոնշյալին, վահանաձև գեղձի թերակտիվ գործունեության վիճակն է, երբ թիրեոիդ հորմոնների մակարդակներն իջնում են նորմայից ներքև։ Այս վիճակը կարող է աննկատ մնալ տարիներ շարունակ: Երբ, այնուամենայնիվ, հիպոթիրեոզային վիճակը կլինիկական դրսևորվում է, ի հայտ են գալիս տարաբնույթ ախտանիշներ՝ աշխատունակության անկում, ցրտի նկատմամբ զգայունության բարձրացում, փորկապություն, մաշկի չորություն, մարմնի քաշի ավելացում, մազերի որակի թուլացում, հիշողության վատացում և դեպրեսիա:
- Վահանաձև գեղձի քաղցկեղը սովորաբար զարգանում է 50-ն անց տարիքում և ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Վաղ հայտնաբերելիս վահանաձև գեղձի քաղցկեղը կարող է հաջողությամբ բուժվել:
Վահանաձև գեղձի հիվանդությունները կարող են ընթանալ օրգանիզմի կենսականորեն կարևոր գործընթացների զգալի շեղումներով, ուստի նման դեպքերում խիստ կարևորվում է հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական բուժումը։

Եթե վահանաձև գեղձի հիվանդությունները ժամանակին կամ պատշաճ չեն բուժվում, հանգեցնում են առողջական լուրջ հետևանքների:
Վահանաձև գեղձի գերակտիվությունը կարող է առաջացնել՝
- Ակնագնդերի արտանկում, մշուշոտ տեսողություն, երկտեսություն կամ նույնիսկ կուրություն:
- Սրտային խնդիրներ, օրինակ՝ հաճախասրտություն, շողացող առիթմիա կամ սրտային անբավարարություն, որոնք վահանաձև գեղձի հիվանդության բուժմանը զուգընթաց կարող են մեղմանալ կամ անհետանալ:
- Ոսկրերի փխրունացում:
- Մաշկի կարմրություն և այտուցվածություն:
Վահանաձև գեղձի թերակտիվությունը իր հերթին կարող է դառնալ տարբեր բարդությունների պատճառ, որոնցից են՝
- Գեղձի մեծացում կամ խպիպ, որը կարող է առաջացնել կոկորդային շնչարգելություն և կլման ակտի դժվարացում:
- Արյան բարձր խոլեստերին և դրանով պայմանավորված՝ սրտանոթային հիվանդություն
- նյարդերի ախտահարում և վերջույթների թմրածության զգացում, ծակծկոցներ ու ցավեր
- բնածին արատներ:
- Հոգեկան առողջության խնդիրներ, օրինակ՝ դեպրեսիա:

Վահանաձև գեղձի խնդիրները սովորաբար ախտորոշվում են՝ ելնելով ձեր գանգատներից և ախտանիշներից, ձեր հիվանդության պատմությունից (անամնեզ), արյան թեստի, գերձայնային և այլ պատկերային հետազոտությունների արդյունքներից:
Բուժումը ներառում է դեղեր կամ վիրահատություն, այդ թվում՝ վահանաձև գեղձի մասնահատում: