Իրականում, ես չգիտեմ, թե որն է իմ փոքրիկ դրախտը: Ես սիրում եմ ուրախանալ ամենաչնչին բաներից, ուստի դժվարանում եմ ընտրել մի բան, որը կարող եմ հաստատ անվանել իմ փոքրիկ դրախտը: Ես համարում եմ, որ դրախտն անծայրածիր է ՝ լի վառ գույներով և երջանիկ ժպիտներով: Ես անչափ սիրում եմ ընտանիքիս, ընկերներիս և վստահ կարող եմ ասել, որ նրանք ինձ շրջապատում են, և իրենց ներկայությամբ ստեղծում ինձ համար դրախտ Երկրի վրա, սակայն այդ հսկայական դրախտի մեջ ես առանձնացնում եմ իմ դրախտի փոքրիկ մասնիկին: Իմ դրախտի փոքրիկ մասնիկն իմ կրտսեր քույրն է:
Ցավոք սրտի, ես չեմ կարողանում ամեն օր իրեն տեսնել իրեն, բայց շնորհակալ եմ համացանցին, որովհետև հենց դրա շնորհիվ կարողանում եմ կապ հաստատել նրա հետ: Նա ապրում է Մոսկվայում, և միայն ամառային արձակուրդներին է կարողանում այցելել ինձ: Այս ամառ նա նույնպես այստեղ էր, և այդ 3 ամիսը շատ փոխեցին իմ կարծիքը նրա մասին: Ես շատ էի մտածում, որ չեմ կարողանա նրա հետ լեզու գտնել, չեմ սիրի նրան և կձանձրանամ նրա հետ, որովհետև սա առաջին տարին էր, երբ նա առանց ծնողների եկել էր Հայաստան ՝ առանց իմանալու հայերեն: Եվ իրոք, սկզբում մենք չէինք կարողանում ազատ շփվել և կռվում էինք նույնիսկ մանրուքների պատճառով, բայց շուտով մենք իրար շատ լավ հասկացանք և ինձ համար շատ դժվար էր նրան ճանապարհելը: Ես ընտանիքիս միակ երեխան եմ, և ես շատ ուրախ էի 3 ամիս անընդմեջ կողքիս կրտսեր քույր ունենալու համար: Ես նրան անչափ սիրեցի, սիրում եմ ու կսիրեմ, որովհետև դժվար պահերին, նա միշտ իմ կողքին է, օգնում է ինձ ամեն հարցում և կիսում իմ հետաքրքրությունները: Մեր տարիքային տարբերությունն ընդամենը 2 տարի է, բայց ես ընդհանրապես չեմ զգում, որ նա ինձնից փոքր է: Նա ինձ միշտ հասկանում է, և նրա հետ կարելի է հասուն զրուցել: Հենց նա ինձ ապացուցեց, որ կարևոր չէ, թե արդյո՞ք քո սիրելի մարդը միշտ ֆիզիկապես կողքիդ է: Քեզ գնահատող մարդը միշտ կսփոփի քեզ և կլինի կողքիդ, անգամ երբ ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր:
Ինձ համար մեծ պատիվ էր, որ ես կարողացա ինչ որ չափով ծանոթացնել նրան հայերենի հետ, և հուսով եմ, որ ապագայում նա վարժ կխոսի իր իսկ մայրենի լեզվով: Եվ ինչքան էլ մենք կռվել ենք, նա մեկ է մնում է իմ ամենասիրելի կրտսեր քույրիկը, ում ես համարում եմ իմ փոքրիկ դրախտի մի մասնիկ, որովհետև նրա կողքին ես ինձ զգում եմ լիովին հանգիստ և ազատ: Բոլորիդ ցանկանում եմ ունենալ այդպիսի մարդ ձեր կողքին, ինչպիսին իմ քույրն է: