Չորս խառնվածքի տեսությունը պրոտո-հոգեբանական տեսությունն է, որը ենթադրում է, որ կան չորս հիմնարար անհատականության տեսակի` սանգվինիկ, խոլերիկ, մելանխոլիկ, և ֆլեգմատիկ: Ժամանակակից բժշկական գիտությունը մերժել է չորս խառնվածքի տեսությունները, թեև դրանց օգտագործումը պահպանվում է որպես փոխաբերություն որոշակի հոգեբանական ոլորտներում։

Մելանխոլիկ, չորս խառնվածքներից մեկը՝ ըստ Հիպոկրատի: Մելանխոլիկ խառնվածք ունեցողներին կարելի է բնութագրել որպես հեշտ կոտրվող, անհաջողությունների համար խորապես անհանգստացող մարդ: Ոչ բարենպաստ պայմանների արդյունքում նրանց մոտ կարող է ի հայտ գալ էմոցիոնալ բարձր խոցելիություն, մեկուսացում, օտարում։ Հանգիստ, նրանց համար սովորական պայմաններում մելանխոլիկները կարող են հաջողությամբ հաղթահարել կյանքի խնդիրները։ Մելանխոլիկներն ունեն բարձր ինտուիտիվ վերաբերմունք իրենց շրջապատող մարդկանց հետ հարաբերությունների նկատմամբ։ Համարվում է, որ մելանխոլիկները ինտրովերտներ են, որ նրանք ավելի հաճախ են տառապում աֆեկտիվ և տագնապային խանգարումներով, քան այլ խառնվածքի մարդիկ։
Խոլերիկ, խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ Հիպոկրատի դասակարգման։ Խոլերիկ խառնվածք ունեցող մարդուն կարելի է բնութագրել որպես արագ, պոռթկուն, եռանդով գործի մեջ մտնելու և էական դժվարությունները հաղթահարելու կարողությամբ օժտված անձ, բայց միևնույն ժամանակ որպես անկայուն, էմոցիոնալ բուռն պոռթկումների հակված և տրամադրության հաճախակի փոփոխություններ ունեցող: Հետևյալ խառնվածքը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացող զգացմունքներով, որը վառ արտահայտվում է խոսքում, ժեստերում և դիմախաղում։ Խոլերիկներն օժտված են հոգեկան բարձր ակտիվությամբ, էներգիայով լի գործունեությամբ, կտրուկ, ուժեղ շարժումներով, դրանց արագ տեմպով և պոռթկունությամբ։ Խոլերիկներն անհամբեր են, դյուրաբորբոք, հակված են զգացմունքային անկման, երբեմն ագրեսիվ են։
Սանգվինիկ, խառնվածքի չորս տիպերից մեկ՝ ըստ Հիպոկրատի: Սանգվինիկ խառնվածքի տեր մարդկանց կարելի է բնութագրել որպես աշխույժ, շարժուն, անհաջողություններին և տհաճություններին համեմատաբար հեշտությամբ վերաբերվող անձ։ Սանգվինիկը հոգեբանական բարձր ակտիվությամբ, էներգիայով, աշխատունակությամբ, արագ և աշխույժ շարժումներով, հարուստ և փոփոխվող դիմախաղով, խոսքի բարձր տեմպով անձինք են։ Սանգվինիկը ձգտում է հաճախակի փոփոխվող տպավորությունների, հեշտ և արագ արձագանքում է շրջապատող իրադարձություններին, շփվող է։ Էմոցիաները սանգվինիկների մոտ գերազանցապես դրական են, դրանք արագ առաջանում են և արագորեն փոխվում։ Նա շատ արագ հարմարվում է նոր միջավայրին և արագ մտերմանում մարդկանց հետ։ Նրա զգացմունքները հեշտությամբ առաջանում են և արագ փոխարինվում են նորերով, նրան բնորոշ է արտահայտչականությունը, երբեմն նաև անկայունությունը։
Ֆլեգմատիկ, խառնվածքի չորս տիպերից մեկը՝ ըստ Հիպոկրատի։ Բնութագրվում են որպես հանգիստ, չարտահայտված դիմախաղով, անտարբերությամբ աչքի ընկնող մարդիկ։ Դանդաղ են անցնում աշխատանքային մի գործունեությունից մյուսին։ Ֆլեգմատիկները բավականին սառնարյուն և դանդաղաշարժ են։ Հիմնականում համբերատար են, զուսպ, հավասարակշռված և քիչ հաղորդակցվող։ Ֆլեգմատիկին բնորոշ է բարձր ակտիվությունը, սակավ զգացմունքայնությունն ու հուզականությունը։ Ֆլեգմատիկի զգացմունքները տարբերվում են թույլ արտաքին դրսևորմամբ։ Նրան դժվար է ծիծաղեցնել կամ տխրեցնել, նույնիսկ երբ շուրջբոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Նա մեծ անախորժությունների դեպքում էլ կարող է հանգստություն պահպանել։ Ցանկացած գործունեության մեջ դրսևորում է համառություն և հաստատակամություն։ Նա ճարպիկ չէ, դանդաղ է հարմարվում նոր միջավայրին և դժվարությամբ փոխում իր սովորույթները։ Դրա հետ մեկտեղ նա աշխատասեր է և եռանդուն։
Ես կարծում եմ, որ ես ֆլեգմատիկ եմ, սակայն անցածս թեսթի վրա հիմնվելով ես մելանխոլիկ եմ: