Երջանկությունը սկսվում է այնտեղ, որտեղ…

Իրականում, այս թեմայով ստեղծագործելը բավականին դժվար է: Կարծում եմ, բոլորս էլ ունենք մի վայր, մարդ, որը համարում ենք մեր երջանկության սկզբնակետը: Կարելի է ասել, որ սա շատ անձնական քննարկման թեմա է, հատկապես ինձ համար, քանի որ այս տեսակի հարցեր քննարկելիս ես մի փոքր փակ և զուսպ եմ, սակայն կարծում եմ, որ երջանկության մասին խոսելու մեջ ոչ մի վատ բան չկա, ուստի պատրաստ եմ էությանս կենսուրախությունը կիսել ձեզ հետ:

Ինձ համար երջանկությունը սկսվում է կյանքի առաջին րոպեներից: Այո: Չէ՞, որ լույս աշխարհ գալը, առողջ ծնվելն ու շրջապատված լինելը քեզ հարազատ մարդկանցով, դա արդեն երջանկություն է: Այդ պահին, մենք բնավ չենք զգում դա, սակայն ավելի հասուն տարիքում հասկանում ենք, որ Աստված մեզ ամենասկզբից էլ տվել է երջանիկ լինելու քաղցր հնարավորությունը: Իհարկե, ասածս կարող է երկիմաստ հնչել, քանզի շատ մարդկանց կյանքեր ձախողվել և դժբախտացել են, բայց ասածիս իմաստը թաքնվում է հենց այս մարդկանց դաժան և անգույն ճակատագրերի կորած և մաշված էջերի մեջ:

Ինչպես նշեցի, մենք երջանիկ ենք ի ծնե: Եթե դուք կարծում եք, որ երջանիկ լինելը խաղուպար է, ապա չարաչար սխալվում եք: Երջանկությունը բոլորին տրվող հաճույք է, սակայն միայն այդ պարգևը ճիշտ օգտագործողներն են դառնում անկեղծ և կենսուրախ մարդիկ, որոնք լցնում են իրենց շուրջը լույսով: Կարծում եմ, երջանկությունը սկսվում է մեր ծննդի պահին և վերջանում կյանքի ավարտի հետ: Այն ուղեկցում է մեզ մեր կյանքի տարիների ընթացքում և երբեք չի լքում: Ուղղակի պետք է գնահատել մեզ տրված նվերը: Երջանկությունը կարծես ընտանի կենդանի լինի: Երբ նրան սիրում ես, լավ ես վերաբերվում, համեղ կերակրում ես, նա մնում է քեզ հավատարիմ և լցնում կյանքդ նոր գույներով, իսկ երբ դու նրան տանել չես կարողանում, նա դա զգալով քեզնից հեռանում է:

Երջանկությունը ՝ մեր ծնունդն է Երկրի վրա:

Оставьте комментарий