Շատ տարօրինակ է հնչում, չէ՞: Իրականում այդպիսի մասնագիտություն գոյություն չունի, որովհետև սա ավելին է, քան ուղղակի պաշտոն: Բոլոր մասնագիտությունները, աշխատանքները մեծ դեր են կատարում մարդկային գոյատևման մեջ, սակայն շարունակ աշխատելով մի՞թե կարող ենք հասնել երանելի խաղաղությանը: Քաղաքական գործիչները տարիներ շարունակ քրտնաջան աշխատում են, որպեսզի խաղաղ երկինք ապահովեն մեր հայրենիքի համար, սակայն արդյո՞ք միայն զենքերը, զինվորներն ու բանակը հերիք են դրա համար: Իհարկե, բոլոր թվարկածներս անչափ կարևոր են և արժանի են գնահատված և հարգված լինելուն, սակայն եկեք նայենք սրան մեկ այլ տեսանկյունից:
Ես կարծում եմ, որ խաղաղության դեսպան ամենքս ենք: Ընդհանրապես Հայրենիքի պաշտպանությունը միայն զենք բռնելն ու կռվի մեկնելը չէ, մենք բոլորս կարող ենք տեր լինել և սիրել մեր Հայրենիքը՝ յուրաքանչյուրս մեր բարի ու հայրենանվեր գործերով, մեր աշխատանքը սիրով կատարելով: Բոլորս էլ ի սրտե ցանկանում ենք, որ մեր երկրում և, ընդհանրապես, աշխարհում երկրների միջև կոնֆլիկտներ չլինեն և բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, իսկ մեծահասակները հանգիստ գլուխները դնեն բարձին՝ իմանալով, որ իրենց երեխաների ապագային ոչինչ չի սպառնում: Սակայն, իրականությունից շատ չհեռանանք: Այս պահի դրությամբ, բավականին շատ երկրներում սուր և լարված իրավիճակներ են, որոնցից փախչելը բնավ անհնար է, բայց հնարավոր է ունենալ լավատեսական տրամադրվածություն, կամքի ուժ և համբերություն՝ բոլոր խոչընդոտները պատվով հաղթահարելու համար: Շարունակ տարածելով մեր վատ տրամադրությունը շրջապատին՝ մենք միայն հրահրում և սրացնում ենք մեր ժողովրդի մեջ տագնապն ու անհանգստությունը:
Խաղաղությունը գալիս է ամեն շնչող էակի հոգուց ու սրտից և դրան դիմադրելը զուր է: Խաղաղության դուռը բացելու բանալին գտնվում է բոլորիս հոգիներում և ամենքս կարող ենք բացել այդ դուռը դեպի մեր շրջապատ ու սփռել մեր ներսի հանգստությունը: Խաղաղությունը քայլում է ժամանակի հետ, իսկ ժամանակն աշխարհի ամենաթանկ բանն է, հետևաբար պետք է վայելել խաղաղ կյանքի յուրաքանչյուր պահը ու մեզ տրված թանկ խաղաղությունը որպես կենսակերպ ընդունելով:
Եվ ի վերջո, եկեք չմոռանանք և ամեն օր շնորհակալ լինենք Աստծուն, որ քնում ու արթնանում ենք խաղաղ պայմաններում և բոլորս լինենք մեր երկրի խաղաղության դեսպանները: