Գիտե՞ք, շա՜տ դեպքեր են եղել, երբ մինչ ինձ ճանաչելը մարդիկ իմ մասին տարբեր կարծիքներ են ունեել: Մեկի համար լավն եմ եղել, մեկի համար վատը: Ինչևէ, դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Ես չեմ կարևորում այն փաստը, որ ոմանց կյանքերի ֆիլմերում վատ դերակատար եմ եղել: Չնայած այդ ամենին, ես մեծահոգի և սրտաբաց մարդ եմ: Ես վստահ եմ, որ բարի ու կամեցող սիրտ ունեմ, սակայն ոչ բոլորն են արժանանում իմ հարգանքին և սիրուն: Ինձ հետ շփվելու ընթացքում կարելի է հասկանալ, որ ես ունեմ թե՛ լավ, և թե՛ վատ կողմեր, ինչը կարծում եմ բնորոշ է ամենքիս: Կուզեի ներկայացնել մի քանի հետաքրքիր փաստեր իմ կյանքից, որոնցով երբեք չեմ կիսվել:
1. Ես այնքան էլ շփվող մարդ չեմ: Չեմ թաքցնի նաև, որ չեմ սիրում նոր ծանոթություններ: Ես ունեմ հավատարիմ, լավ և վստահելի ընկերներ, որոնց ես անչափ սիրում և հարգում եմ: Ես գնահատում եմ ոչ թե ընկերների քանակը, այլ նրանց կապվածությունն ու սերն իմ հանդեպ: Ավելի լավ է ունենամ մեկ, բայց հավատարիմ ընկեր, քան հարյուր կեղծ:
2. Ես շատ եմ սիրում անձրևային եղանակ: Ասում են, մարդու տրամադրությունը եղանակից է կախված, սակայն այդքան էլ համամիտ չեմ: Ամեն եկացող անձրևի կաթիլի հետ, ես զգում եմ սրտիս զարկը, հոգուս հանգստությունն և մտքիս մաքրությունը: Այն կարծես թե տանում է ինձ մի ուրիշ աշխարհ:
3. Ես շատ եմ սիրում և կարևորում կենդանիների դերն իմ կյանքում: Հատկապես առանձնացնում եմ վայրի կենդանիներին: Նայելով նրանց համարձակությանը, ճարպկությանն ու արագությանը ես ոգեշնչվում եմ, ազատվում թուլությունից և նոր ուժեր հավաքում՝ առաջ գնալու համար:
4. Իմ տրամադրությունը և ես ինքս շատ անկանխատեսելի և փոփոխական ենք լինում: Օրվա ընթացքում հասցնում եմ և՛ տխրել, և՛ ուրախությունից թռչկոտել, և՛ լացել:
5. Ես ատում եմ, երբ ինձ պարտադրում են կատարել այն, ինչ ես չեմ ուզում: Ընդհանրապես զզվում եմ, երբ փորձում են ինձ և իմ քայլերը կառավարել:
6. Յուրաքանչյուր խաղ խաղալիս, (կլինի դա լուրջ մրցակցություն, թե ուղղակի սեղանի խաղ ընտանիքիս հետ և ընկերներիս շրջապատում) ես խաղում եմ միայն մեկ նպատակով: Դա հաղթանակն է: Ինձ համար «կարևորը մասնակցությունն է» արտահայտությունը արդարացում չէ:
7. Ինչքան էլ շրջապատիս մարդիկ և ծնողներս ինձ համար ահռելի լավություն են անում, օգնում, կարեկցում մեկ է, ոչինչ չի համեմատվի ամենապարզ «ես քեզ սիրում եմ» նախադասության հետ:
8. Ես խանդոտ մարդ եմ: Ես չեմ սիրում, երբ ընկերներս, բարեկամներս, ծնողներս ինչ որ մեկին ջերմ խոսքեր են ասում: Միգուցե դա սխալ է, բայց ես շատ անգամ մարդկանց դարձնում եմ իմ սեփականությունը:
9. Չեմ խաբի նաև, որ ալարկոտ եմ: Շատերը հետևելով ինձ և իմ պահելաձևին, կարող են մտածել, որ ես անտարբեր եմ վերաբերվում կրթությանս, պարապմունքներիս: Սակայն հոգուս մեջ ես անչափ սիրում եմ այն, ինչ անում եմ, ուղղակի ալարկոտությունը շատ հաճախ հաղթում է ինձ:
10. Ես շատ ուշադրություն եմ սիրում: Եթե իմ շրջապատից, ընտանիքից որևէ մեկը իմ հանդեպ սառը և անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում, ես անում եմ նույնը:
Կարծես թե այսքանը բավական է: Սա դեռ ամենափոքր հատվածն է իմ տարօրինակ բնավորությունից, որը ես կարողացա ներկայացնել: Կարճ ասած, ես ընդունում եմ, որ բարդ բնավորություն ունեմ ու տարօրինակ մտածելակերպ: