Պարզ է, չէ՞: Բոլորս էլ հաճախում ենք դպրոց, հետո համալսարան, հետո աշխատելու ենք: Կյանքի ընթացքում շատ բաներ ենք սովորել և սովորելու ենք: Միշտ հիշե՛ք, երբեք ուշ չէ սովորելու համար: Այն տարիք չի հարցնում: Կյանքի բոլոր շրջաններում էլ մենք սովորում ենք: Դպրոցում բազային գիտելիքներ ենք ստանում, համալսարանում խորացված ուսումնասիրում ենք մեր ընտրած մասնագիտությունը, հետո եռանդով աշխատում ՝ բարձունքների հասնելու համար: Եվ այդ ամենի համար տարիներ շարունակ սովորում ենք:
Բոլորս էլ սովորում ենք ամենասովորական դպրոցներում, որտեղ ուսումնասիրում ենք հայոց լեզու, օտար լեզուներ, մաթեմատիկական և բնագիտական առարկաներ: Անշուշտ, դպրոցում ստացած գիտելիքները մեզ ամեն օր պետք են գալիս և գալու են ավելի հասուն տարիքում, սակայն գիտե՞ք, որն է ինձ համար կյանքի ամենակարևոր դասը: Ես կարևորում եմ բոլոր առարկաները, սակայն կյանքի ամենակարևոր դասը ՝ մարդ լինելու նուրբ արվեստն է:
Կարևոր չէ, հասկանում եք դուք հանրահաշիվ, թե լավ շարադրում եք ձեր մտքերը: Կարևորն այն է, որ դուք կարողանում եք մարդ լինել: Միշտ հիշե՛ք, որ ամեն վայրկյան ապրելով Աստծու կողմից ստեղծված մեծ և լուսավոր աշխարհում, դուք սովորում եք: Յուրաքանչյուր քայլ և շրջան ձեր կյանքում ձեր առջև նոր ուղիներ է բացում: Սխալների վրա էլ մենք սովորում ենք:
Այո, ես կարծում եմ, որ կյանքի ամենակարևոր դասը՝ մարդ լինելն է: Դրա համար պարտադիր չէ ավարտել բարձրագույն ուսումնական հաստատություններ, մեծ գումարներ աշխատել: Պետք է զգալ և ապրել այդ դասը: Կարծում եմ, որ կյանքը մեծ և անակնկալներով լի դասաժամ է, շրջապատող մարդիկ, իսկ չյուրացրած և չհասկացած թեմաներդ ՝ սխալները, որոնց վրա դու սովորում ես: Այո, կյանքում ամենադժվարը ապրել սովորելն է: Յուրաքանչյուր ոք, ով ապրում է Երկրի վրա, ծնվել է իր կյանքի դասաժամն անցնելու համար:
Ցավում եմ, որ շատ մարդիկ ուշանում կամ արհամարհում են իրենց կյանքի դասաժամը, որովհետև հետո վերաքննություն հանձնելն ավելի դժվար է լինելու: