Բան ունեմ ասելու..

Օհ, այնքա՜ն բան ունեմ ասելու: Անկեղծ չգիտեմ՝ ինչից սկսեմ և ինչով ավարտեմ: Մտքերս խառնվում են իրար և կարծես թե մեկը մյուսին հերթ չտալով փորձում են դուրս մղվել գլխիցս: Երբ հասկանում եմ, որ աշխարհում այնքան չբացահայտված, չասված բաներ կան, ուղղակի զայրանում եմ ինքս ինձ վրա, որ չեմ կարողանում անգամ մտքերս հավաքել: Բայց, երևի սկսեմ այսպես..

Վախ, սեր, ցավ, տխրություն, թնդություն, ուրախություն: Բոլորն էլ մարդկային զգացմունքներ են, չէ՞: Սակայն ինչո՞ւ են մարդիկ շարունակ լռում: Ինչո՞ւ ինչ որ չափով այս դառը ու անգույն աշխարհում չկա մեկը, ով կարտահայտի իր զգացմունքները լիովին, ով կբացի իր սիրտը մոր, հոր կամ թեկուզ ընկերոջ դիմաց: Ինչո՞ւ են մարդիկ ատում սիրելու փոխարեն, ինչո՞ւ են հագենում ուրիշին ցավ պատճառելուց, ինչո՞ւ են թերագնահատում իրենց հասակակիցներին, ինչո՞ւ, ինչո՞ւ և ևս մեկ անգամ ինչո՞ւ: Հազարավոր հարցեր, որոնց պատասխանները մինչ այսօր անհայտ են ինձ համար: Ո՞վ է ինձնից կամ ուրիշից լավը. մենք շարունակում ենք համեմատվել ուրիշների հետ, թերագնահատել ինքներս մեր աշխատանքն ու ցավը: Լսի՛ր, ո՞վ քեզ պետք է հարգի, եթե ոչ՝ դու: Ոչ ոք այս երկիր մոլորակի վրա պարտավոր չէ քեզ սիրել և հարգել, պարտավոր չէ քեզնից շնորհակալ լինել: Բայց դու նայելով հայելու մեջ՝ պետք է հարգես այն պատկերը, որը գալիս է աչքերիդ առաջ: Արդյո՞ք մենք պետք է թերագնահատենք մեզ, տարիներ շարունակ նայենք և նախանձենք ուրիշի հաջողություններին, եթե մենք կարող ենք անել ավելին: Ո՞վ, ինչպե՞ս, ինչո՞ւ, ո՞նց և այլ հազարավոր հարցեր, որոնք այդպես էլ մնում են չբարձրացված և անպատասխան:

Մեր շուրջը կարծես անսիրտ և անտարբեր մարդիկ են, որ շարունակ բլբլում են, բայց չկան պատասխաններ: Մի՞թե մենք չենք կարող լցնել մեր աշխարհը սիրով և երջանկությամբ: Մի՞թե մենք արժանի չենք դրան: Մենք ծալում ենք մեր ձեռքերը, բայց ամեն առավոտ բացվում է մեզ համար, որպեսզի մենք էլ ավելի ազատ, էլ ավելի մաքուր ու բարի դառնանք: Հնարավորությունները երբեք ինքնակամ չեն գալիս, մենք ենք նրանց ստեղծում և միշտ պետք է հիշենք, որ հաջողությունը թակում է միայն այն մարդկանց դռները, որոնք ոչ թե ձեռքերը ծալած սպասում են դրան, այլ գործում են ու քայլում հաջողությանը ընդառաջ: Ես անչափ ուրախ կլինեմ, եթե դառնամ լավ մասնագետ, տիրապետեմ շատ լեզուների, օգտակար լինեմ երկրիս, բայց, ինչպես Թումանյանն է ասել, ամենակարևորն ու դժվարը մարդ կոչմանն արժանանալն է: Ես հավատում եմ, որ լավ, արժանապատիվ ու ազնիվ մարդ լինելն ավելի դժվար է, քան որևէ մասնագիտության տիրապետելը: Եվ վերջիվերջո, ապրենք այն մտքով, որ դիմացինին վիրավորելու ամենամեծ զենքը ոչ թե ատելությունն է, այլ՝ անտարբերությունը:

Оставьте комментарий