
Կարս քաղաքը Եղիշե Չարենցի ծննդավայրն է: Կարսը հայոց հնագույն բնակավայրերից է: Ներկայումս Կարսը Թուրքիայի կազմի մեջ է, փոքրիկ և անշուք քաղաք: Անցյալի փառքից մնացել է միայն անունը: 10-րդ դարում՝ Բագրատունիների օրոք, մինչև Անին մայրաքաղաք հռչակելը, եղել է նաև թագավորանիստ քաղաք: Ծննդավայր Կարսը Չարենցը հաճախակի է հիշել իր բանաստեղծություններում: Իսկ նրա «Երկիր Նաիրի» վեպը նվիրված է Կարսին և հատկապես քաղաքի պատմության 1914-1920 թթ իրադարձություններին: 1886 թվականին Չարենցի ծնողները Մակուից տեղափոխվում և բնակություն են հաստատում Կարսում, որտեղ էլ հետագահում ծնվել է նա: Այստեղ էլ հանդիպել է Կարինե Քոթանճյանին: XI-XIII դդ. Կարսի բնակչության թիվը անցնում էր 50.000 մարդուց, իսկ դա այդ ժամանակաշրջանի քաղաքների բնակչության համար շատ մեծ թիվ էր: 1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կարս քաղաքը եւ նրա շրջակայքը միացվեցին Ռուսաստանին: Ռուսական կայսրությանը նոր միացրած տարածքներից կազմվեց Կարսի մարզը` Կարս, Օլթի, Արդահան եւ Կաղզվան օկրուգներով: Մարզի կենտրոնը Կարսն էր:
Եղիշե Չարենցն իր բանաստեղծություններում բազմիցս հիշատակել է Կարսի տեսարժան վայրերը, ինչպիսիք են Վարդանի կամուրջը, Առաքելոց վանքը, Կարսի բերդը, Երկաթուղին և այլն: