
Շատերիս կյանքում են լինում դժվար պահեր, երբ աշխարհը դառն ու մռայլ է երևում: Երբ նույնիսկ ամենաշոգ և արևոտ քաղաքները մոխրագույն շղարշով են պատվում: Ուր էլ գնում ես, ամենուր քեզ շրջապատում են մարդիկ, ովքեր կարծես թե ապրում են իրենց աշխարհում, չնկատելով շրջապատի փոփոխություններն, նորարարություններն ու անցուդարձը: Իսկ կան մարդիկ, որոնք առավոտից երեկո թափառում են քաղաքի լուսավոր կամ անբնակելի ու մութ փողոցներով, լցնում են աշխարհը գույներով ՝ փոխանցելով իրենց հետաքրքրությունը, էներգիան և ուրախությունը անցնողներին:
Ամեն օր շատ մարդիկ արթնանում են, գնում աշխատանքի, հետ վերադառնում, և ամեն օր նույնը: Երեխաները հաճախում են դպրոց, ուսանողները՝ համալսարան և այլն: Սա է կյանքը: Որտեղ էլ ապրես, կյանքի բնույթը նույնն է: Յուրաքանչյուր մարդ արժանի ուշադրության, սիրո և հարգանքի՝ անկախ ազգային պատկանելիության:
Տարբեր երկրներ ունեն իրենց ավանդույթները, տոները, օրենքները: Երբեք չվախենաք նոր երկրներ մեկնելուց կամ անծանոթ քաղաքում կորչելուց: Պատկերացրե՛ք, ինչ հաճելի է ծանոթանալ նոր մշակույթի, խոհանոցի և վերջիվերջո մարդկանց հետ: Խոսքը, բնականաբար, ֆիզիկապես կորչելու մասին չէ: Ճանապարհորդելիս մի քանի օր ձեզ թույլ տվեք մոռանալ, թե ինչ ազգի ներկայացուցիչ եք, ինչ նախասիրություններ ունեք, ինչ լեզվով եք խոսում և ինչ սովորություներ ունեք: Ապրեք այդ երկրի մարդկանց կենցաղով, մտածեք նրանց նման և ձուլվեք այդ նոր մշակույթին: Կարծում եմ հենց սա է նոր երկրում հաճելիորեն կորչելը, ինչը ոչ միայն վախենալու չէ, այլև հետաքրքիր, ճանաչողական ու զվարճալի է: Մի՛ զգացեք ձեզ օտար ուրիշ երկրում: Միշտ եղեք ճանապարհորդ և աշխարհի քաղաքացի: