Գիշերային թռիչք

Գիտե՞ք, ես շատ դժվար եմ ընտրություններ կայացնում: Լինում են դեպքեր, երբ վստահ եմ որոշմանս մեջ, սակայն միշտ էլ հանդիպում են այնպիսի դեպքեր, որ ուղղակի անկարող ես ընտրել:

Միշտ պատկերացրել եմ, թե ինչքան դժվար է վարչապետի, նախագահի, տնօրենի և այլ բարձր պաշտոն ունեցող մարդկանց գործը: Ամեն օր շարունակ նրանք կայացնում են որոշումներ և միայն պատկերացրեք.. ամբողջ երկրի, դպրոցի, թեկուզ և տան ապագան կախված է իրենցից: Զարմանում եմ, ինչպես այդ մարդիկ չեն խելագարվում ամբողջ կյանքը որոշումներ կայացնելուց: Դե իհարկե, բոլորի մտքով էլ անցել է.. ի՜նչ լավ կլիներ, երբ շուրջբոլորը լսեին և հնազանդվեյին միայն ու միայն քեզ: Այո, դա միգուցե հաճելի զգացում է սակայն ինչպես ասում են «Եթե դու չգիտես գործի բնույթն ու դժվարություններն, իզուր մի երազիր:» Իմաստը ո՞րն է շարունակ երազելու փաստաբան, վարչապետ միգուցե տնօրեն դառնալու մասին, եթե հենց նույն օրն էլ չես կարողանալու դժվար ընտրության տակից դուրս գալ: Ընտրություն կատարելը մի նուրբ արվեստ է, որին պետք է տիրապետես առաջին հերթին կայացած և հետո նոր հարգված և բարձր պաշտոնի տեր մարդ:

Կմտածեք, իսկ ի՞նչ կապ ունի «Գիշերային թռիչք»-ը իմ գրածի հետ: Իսկ ես կբացատրեմ: Պատկերացրեք, որ մի օր հայտնվել եք լիովին դատարկ և անծայր ու անվերջ երկնքում: Դուք կարող եք տեսնել ներքևում գտնվող բոլոր մարդկանց, լսել նրանց մտքերն ու տանջանքները: Վայելել հետ երջանկությունն ու տխրել վշտից: Եվ վերջիվերջո, ամենատխուրն այն կլինի, որ ամեն մի մահացած մարդու հետ դուք նույնպես կմահանաք և հետո կվերածնվեք:

Սարսափելի է հնչում, չէ՞: Գիտեմ, միգուցե շատ տհաճ և պատկերավոր նկարագրեցի, բայց սա է ամենաիրական, դառը և ցավոք սրտի վշտալի իրականությունը: Մարդը ծնվում է, մեծանում.. ոմանք դառնում են հանճարներ, ոմանք էլ ծնված օրվանից մինչև մահը անցկացնում են չորս պատերի ներսում, սպասելով կարծես թե որևե հրաշքի.. ընտրության հնարավորությանը..

Պատկերացնում ե՞ք.. դուք թռիչք եք կատարում ամբողջ աշխարհով մեկ, ծանոթանում բոլոր ազգերի մարդկանց հետ.. և կարծես թե նրանք բոլորը տարբեր են: Բայց.. նրանց մի բանն է միավորում: Նրանք բոլորն էլ ընտրություն են կատարում իրենց կյանքի, երեխաների, տան, երկրի հարցում ու ոմանց մոտ դա լավ չի ստացվում և ինչքա՜ն մարդկանց կյանք ու կարիերա է տապալում ընտրություն կատարելու արվեստին չտիրապետելը: Շատերն են սխալվում, բան չունեմ ասելու, դա նորմալ երևույթ է, բայց երբեմն մեկ մարդու սխալ որոշումը կարող է հազարավորների ճակատագրերն ու կյանքերը փոխել:

Դուք այդ ամենին հետևում եք վերևից, զարմանքից ձեռքներդ տանում եք գլխին և գիտակցում, որ դուք նույնպես ձեր մի սխալ որոշումից հայտնվել եք երկնքում… իսկ հիմա, մնացածը թողնում եմ ձեզ, ինքներդ մտածեք:

Оставьте комментарий