
Դժվար է հավատալ, որ այսօր մեր կյանքում անփոխարինելի ու սովորական դարձած շատ բաներ նախկինում չեն եղել: Բայց փոխարենը միշտ եղել են երազել սիրող մարդիկ, որ հավատացել են, թե հեքիաթները կարող են իրականություն դառնալ: Այդպիսի մարդկանցից վառ օրինակ է հայ ինժեներ, ֆիզիկոս, գունավոր հեռուստատեսության, լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը:
Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում: Դեռ դպրոցական տարիներից Հովհաննեսի մեջ նկատելի էր սովորելու և ուսումնասիրելու ձգտումը: Նրան հատկապես հետաքրքրում էր ֆիզիկան:
Հովհաննեսը սիրում էր սովորել և լավ էր սովորում. այնքան հարցեր կային, որոնց պատասխանները պիտի իմանար: Դեռ դպրոցում պրպտելու, հետազոտելու ու հայտնագործություններ անելու բուռն ցանկություն էր արթնացել, և ֆիզիկայից իր առաջին փորձերն արդեն այն ժամանակ է արել:
Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում` նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում:
Դպրոցն ավարտելուց հետո նա գնացել է Շվեյցարիա, այնտեղից՝ Գերմանիա, ապա Ֆրանսիա՝ սովորելու ու դարձել է նշանավոր ճարտարագետ-գյուտարար:
Հովհաննեսին սաստիկ հետաքրքրում էր պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդիրը: Քանի որ բացառիկ օժտված երիտասարդ էր և ազատ խոսում էր մի քանի եվրոպական լեզուներով, կապեր է հաստատում տարբեր հետազոտական ինստիտուտների, համալսարանների ու նշանավոր գիտնականների հետ: Գերմանիայում սեփական միջոցներով լաբորատորիա է ստեղծում և մի շարք գյուտեր է անում: 1908թ. առաջին անգամ հիմնավորում է էլեկտրականության միջոցով պատկերներ վերարտադրելու և հաղորդելու հնարավորությունն ու մինչև իսկ փորձ է անում գունավոր պատկերը 600 կմ հեռավորության վրա հաղորդել:
Հինգ տարի անց նա տեղափոխվում է Ռուսաստան և մոտ քսան տարի ապրում ու աշխատում է Սանկտ — Պետերբուրգում: Իհարկե, գիտական փորձերը շարունակելու համար այստեղ էլ է իր լաբորատորիան ստեղծում: Պատկերացնո՞ւմ եք, այս տարիներին իր գյուտերի համար 21 արտոնագիր է ստանում, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում: 1918թ. նա ստեղծում է Ռուսաստանում առաջին սարքը, որը ցուցադրում էր սև-սպիտակ պատկերներ, ինչը մեծ քայլ էր հեռուստատեսության զարգացման ճանապարհին:
Բայց նրա ամենահայտնի գյուտը գունավոր հեռուստատեսության ստեղծումն է. Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է: Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում 1925 թվականին նա պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նման սարք արտասահմանում ներկայացվել է միայն 1928 թվականին՝ Մեծ Բրիտանիայում: 1945-51թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգների «Կոլումբիա» ռադիոընկերությունը կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-53 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար:
Գիտնական-ֆիզիկոսը մահացել է 1932թ-ի սեպտեմբերի 12-ին՝ Լենինգրադում, թաղվել է տեղի հայկական գերեզմանատանը։ 1970-ի հունիսի 30-ին Ադամյանի աճյունը փոխադրվել է Երևան՝ քաղաքային պանթեոն։