Ողջույն, ես Ամելին եմ: Այսօր կցանկանայի պատմել իմ կյանքի պատմությունը:
Այժմ, ես երեսունչորս տարեկան եմ, ունեմ գեղեցիկ և կենսուրախ դուստր՝ Անաստասիա անունով:
Բայց, եկեք հետ վերադառնանք իմ մանկության և դեռահասության տարիներ:
Ես ծնվել եմ 1989թ. հունիսի 16-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Մենք ապրում էինք փոքրիկ բնակարանում, բայց ոչնչից չէինք բողոքում: Մեր ընտանիքը մեծ պատիվ ուներ և ապրում էր հաշտ ու համերաշխ: Մենք ունեինք շատ ջերմ հարևաններ, ընկերներ և շրջապատ: Ես և եղբայրս ՝ Դանիելը, լավ էինք սովորում դպրոցում, մեր ընտանիքի պատիվը բարձր պահելու համար: Հայրս ՝ Լևոնը ազգությամբ հայ էր, իսկ մայրս ՝ Նատալին, ֆրանսուհի: Այդ պատճառով էլ մեր անուններն ունեին ֆրանսիական ծագում: Մայրս ծնվել էր և ապրել մինչև 22 տարեկանը Փարիզում, իսկ հայրս Հայաստանի խոշոր մարզերից մեկում ՝ Լոռիում: Մայրիկս միշտ երազել էր, որ մենք ապրեինք Փարիզում, սակայն հայրիկս դեմ էր, որ ես և եղբայրս վաղ տարիքում լքեինք մեր հայրենիքը: Մայրս շատ էր վրդովվում այդ պատճառով, և հաճախ պնդում, որ ուզում է գոնե ամառային արձակուրդներին մեզ տանել Փարիզ: Ես ինքս ուզում էի տեսնել Ֆրանսիան, բայց հայրիկը չգիտեմ ինչու, արգելում էր մեզ լքել Հայաստանը: Մենք հաճախում էինք հայկական դպրոց, սակայն մայրիկը ամեն երեկո մեզ ֆրանսերենի դասընթացներ էր տալիս, որպեսզի մենք գոնե պատկերացում ունենայինք ֆրանսիական մշակույթի և լեզվի մասին: Եղբայրս ինձնից փոքր է երկու տարով, բայց այնպես է ստացվել, որ մենք ծնվել ենք նույն օրը, ուղղակի երկու տարի տարբերությամբ: Երբ լրացավ իմ 16, իսկ եղբորս 14 ամյակը, հայրիկը մեզ նվիրեց մեր կյանքի ամենալավ նվերը: Մենք չէինք էլ մտածում, որ այդպիսի նվեր կարող ենք ստանալ: Նա մեզ նվիրեց 3 ավիատոմս՝ դեպի Ֆրանսիա: Մենք զարմացել էինք, թե ինչպես է մայրիկը կարողացել համոզել հայրիկին, որպեսզի նա թողնի մեզ գնալ Ֆրանսիա: Սակայն, հորս դեմքի արտահայտությունից ես հասկացա, որ նա նեղված է, իսկ մորս աչքերը ուղղակի փայլում էին, և մենք հասկացանք, որ մայրիկին մեր Ֆրանսիա գնալը շատ է ոգևորել: Շուտով, մայրիկն ասաց.
-Դե, սկսենք հավաքել մեր իրերը: Այո, մենք տեղափոխվում ենք Փարիզ, ընդմիշտ:
Այդ «ընդմիշտ» բառի մեջ կար մի յուրահատուկ եռանդ:
Եվ այդ ժամանակ մենք հասկացանք, որ լքում ենք Հայաստանը:
-Իսկ հայրիկը՞: Մի՞թե նա չի մեկնում մեզ հետ, ասաց Դանիելը.
-Ոչ սիրելիս, հայրիկը գերադասում է ամբողջ կյանքը նստել այս չորս պատի մեջ և նայել պատուհանից դուրս: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես գերադասում եմ ձեզ բացահայտել Եվրոպան: Բավական է:
-Այսինքն, մենք ապրելու ենք երեքո՞վ, ասացի ես:
-Այո, երեքով: Դե, պատրաստվեք 3 օրից մենք մեկնում ենք դեպի Փարիզ: Երեկոյան ձեզ կպատմեմ ամեն ինչ Ֆրանսիայի մասին:
Նա պատմեց թե որտեղ ենք մենք ապրելու, մեր ֆրանսիացի բարեկամների մասին և իհարկե այդ ամենը շատ լավ էր հնչում, բայց մենք չէինք ուզում լքել հայրիկին:
Եվ ահա, երեք օր հետո, մենք մենք հեռացանք Երևանից: Հասնելուն պես հայտնեցինք հայրիկին և գնացինք մեր նոր տուն..
Պարզվեց, որ իմ տատիկը մայրական կողմից, ում ես երբեք չէի տեսել մեծահարուստ է: Ըստ երևույթին նա էր ապահովել մեր բնակավայրը: Մենք այցելեցինք նրան: Բավականին գեղեցիկ և կոկիկ կին էր, գիտեք: Անունն էլ Ադել:
Ինչ վերաբերում է մեր տանը, այն շատ հրապուրիչ տեսք ուներ, չէիր համեմատի երևանյան բնակարանի հետ: Ճոխ սենյակներ ամեն մեկիս համար, մեծ հյուրասենյակ, լոգարաններ, խոհանոց:
Մայրս ապահովել էր նաև մեր կրթությունը: Պարզվեց, որ նա այսքան ժամանակ մեզ ծանոթացրել էր ֆրանսերենին, որպեսզի մենք հետագայում մեզ օտար չզգանք նոր միջավայրում: Փաստորեն, նա դեռ վաղուց էր պլանավորել մեր Ֆրանսիա մեկնելը:
Այսպես մենք ապրում էինք շատ լավ, սովորում էինք, շփվում հայրիկի հետ: Բայց օրերից մի օր, ես հասկացա որ մոռանում եմ հայերենը: Դա շատ ցավալի էր, քանի որ ես աշխարհին նայում էի հայերեն: Ես տեսնում էի ամեն ինչի մեջ հայկականը, հարազատը: Եվ ևս մեկ տարի այնտեղ ապրելուց հետո, երբ ես արդեն 19 տարեկան էի, հասկացա, որ հայերենն ընդհանրապես մոռացել եմ: Մայրս մեզ հետ խոսում էր ֆրանսերեն, դպրոցում սովորում էինք ֆրանսերեն, նոր ընկերներս խոսում էին ֆրանսերեն, գրքերը կարդում էի միայն ֆրանսերեն թարգմանությամբ, լսում էի ֆրանսիական երաժշտություն, շփվում ֆրանսիացիների հետ, տատիկիս հետ նույնպես խոսում էինք այդ լեզվով: Շուտով, ես ոչինչ չէի հիշում հայերեն: Ընդունվեցի աշխատանքի, երբ 21 տարեկան էի: Այստեղ անձնակազմը խոսում էր ֆրանսերեն, հաճախորդների հետ շփումը միայն ֆրանսերենով էր: Եվ այդպես, ես կարծես թե դարձա ֆրանսիուհի: Երբ ես 23 տարեկան էի, վերջապես մեզ այցելեց հայրիկս: Նա լավ տեսք չուներ: Ծերացել էր: Մտավ և ասաց:
-Բարև, աղջիկս:
Ես զարմացած նայեցի նրան, իսկ հետո մորս:
— bonjour papa, comment vas-tu? (Բարև հայրիկ, ինչպե՞ս ես)
Եվ հայրս հասացավ, որ ես մոռացել եմ հայերենը: Նա վշտացավ: Մի քանի օր անցկացրեց Փարիզում, և գնաց: Երբ դարձա 25 տարեկան, ամուսնացա Ալբերտ անունով ֆրանսահայ բիզնեսմենի հետ: Իսկ 28 տարեկանում էլ ունեցա իմ գեղեցիկ Անաստասիային: Գիտե՞ք ինչն էր ինձ հուզում: Աղջիկս սկսեց հայերեն խոսել.. և օրերից մի օր նա ասաց:
«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»: Ինչպես ես…