Փրկենք աշխարհը մեր գեղեցկությամբ.

ՙՙՓրկենք աշխարհը մեր գեղեցկությամբ՚՚: Այո, սկզբում ինձ էլ տարօրինակ թվաց այս արտահայտությունը, սակայն….

Շուտով ես հասկացա այս խորիմաստ արտահայտության իմաստը: Եկեք լինենք անկեղծ: Երբ մենք ասում ենք գեղեցկություն, առաջինը, ինչ գալիս է մեր մտքին, դա արտաքին լավ տվյալներն են՝ շքեղ մազերը, գեղեցիկ քիթն ու աչքերը և այլն: Բայց չէ՞ որ գեղեցկությունն այնպիսի բառ է, որ դրան կարող ենք նայել տարբեր տեսանկյուններից ու ես վստահ եմ, որ բոլորը կգտնեն իրենց բնորոշ գեղեցկությունը՝ այս բառը բնութագրող բոլոր հոմանիշների մեջ:

Այո, իհարկե լավ է, երբ դիմացինդ խնամված, գեղեցիկ և հաճելի է, սակայն արդյո՞ք կարևոր է արտաքնապես գեղեցիկ լինելը: Դե, որոշ չափով, այո: Բայց կան այլ բացատրություններ: Կան մարդիկ, որոնք կոսմետիկ միջոցների շնորհիվ գեղեցիկ են արտաքնապես, բայց արդյո՞ք այդ կոսմետիկայով կարող են, օրինակ, սնել իրենց հոգիները՝ ներքուստ գեղեցիկ լինելու համար: Իմ կարծիքով՝ մարդու հետ շփվելիս պետք է նայել ոչ միայն գեղեցիկ դեմքին, այլ բառապաշարին, բարությանը, հոգու մաքրությունը, հոգու ազնվությանը ու կամեցողությանը: Ահա սա է ներքին գեղեցկությունը, որին պետք է հասնել բարի գործեր անելով, մարդկանց նկատմամբ դրական տրամադրվածությամբ, օգնելով, շար կարդալով և ուրիշներին վնաս չհասցնելով:

Գեղեցկությամբ փրկել աշխարհը կարելի է գեղեցիկ ձայնով, դերասանական խաղով, գիտության նվաճումներով, արվեստի միջոցով: Դրանք են գեղեցկությունը: Օրինակ, եթե դուք գնացել եք որևէ համերգ, այնտեղ ձեզ առաջին հերթին գրավում է երգչի ձայնը կամ երաժիշտի սքանչելի նվագը, և այստեղ բոլորովին ուշադրություն չեք դարձնում բեմի վրա գտնվող մարդու արտաքին տվյալները, որովհետև կարևորը տաղանդի գեղեցկությունն է, գործիքի գեղեցկությունը և ոչ թե արտիստի: Ահա հենց այս գեղեցկությունն է, որ փրկում է աշխարհն ու մարդկանց:

Գեղեցկությունը աշխարհն է, կենդանիները, քաղաքները, մաքրությունը, տաղանդը, աշխատանքը, այն գործը, որը դու եռանդով ես կատարում և այո, վերջ ի վերջո մարդը ՝ իր հատկանիշներով: Արտաքնապես լավը լինելը շատ հաճելի զգացողություն է, բայց հոգու և սրտի գեղեցկությունն է ամենաթանկը, արժեքավորն ու հավերժականը:

Оставьте комментарий