Էքսկուրսիա շշերի գործարանում.

Ողջույն, ընկերներ: Ուրբաթ օրը ՝ նոյեմբերի 19-ին, մենք ընկեր Շուշանի և ընկեր Անիի հետ էքսկուրսիա կատարեցինք դեպի շշերի գործարան: Ինձ շատ զարմացրեց պլաստիկ շշերի քանակը այդ գործարանում: Առաջինը, ինչ մենք տեսանք, դա մի սենյակ էր, որտեղ դրված մեծ գործիքը վայրկյանների ընթացքում մանրացնում էր պլաստիկը: Այն շատ բարձր ձայն ուներ: Մենք նույնպես այնտեղ այդ գործիքով աշխատեցինք:

Հետո գնացինք ուրիշ սենյակ, որտեղ տեսակավորում էին պլաստիկը: Այսինքն հանում էին կափարիչները, տեսակավորում գույներով և հանում էին վրան փակցված թղթի կտորները: Այնտեղ կար նաև մի գործիք, որի մեջ լցնում էին մանրացրած պլաստիկ շշերը՝ հետագայում սինտեպոն ստանալու համար: Հետո գնացինք մի ահռելի աշխատավայր, որտեղ կատարում էին ոչ միայն շշերի տեսակավորում, այլ նաև բալի կորիզն էին առանձնացնում աճեցնելու համար: Այնտեղ կային բազմաթիվ գործիքներ, որոնց մասին մեզ մանրամասն չպատմեցին, բայց նրանք բոլորը շատ մեծ էին և վստահ եմ, որ նույնպես կարևոր գործի համար էին: Մտանք նաև մի սենյակ, որտեղ կանաչ ու սպիտակ կտորից վրաններ էին պատրաստում զինվորների համար: Կանաչը ՝ ամռան, գարնան և աշնան համար, իսկ սպիտակը ՝ ձմռան, թշնամուց պատսպարվելու համար: Մենք հետևում էինք, թե ինչ նյութերով են աշխատում և ինչպես են ձևում ու կարում դրանք:

Հետո գնացինք մի հրաշալի սենյակ, որտեղ կարում էին անձրևանոցներ, համազգեստներ, պայուսակներ, գլխարկներ, վերարկուներ զինվորների համար: Կրկին՝ սպիտակ և կանաչ: Մեզ պատմեցին նրանց կարելու ձևերը, ցույց տվեցին պատրաստի մի անձրևանոց և պայուսակ:

Վերջում մտանք մի սենյակ, որտեղ պատրաստում էին գունավոր փայլերով և տարբեր կերպարներով ու ձևերով ամանորյա մոմեր: Կային ձնեմարդեր, տոնածառ, տոնածառի խաղալիքներ:

Оставьте комментарий