
Իմ սրտի լեզուն հայերենն է: Ես ծնվել եմ Հայաստանում, լսել եմ հայերեն, խոսել եմ հայերեն և կյանքին նայել եմ հայերեն: Հայերենը ինձ համար շատ ջերմ և հարազատ լեզու է, ինչպես նաև անչափ գեղեցիկ: Լինելով գեղեցիկ լեզու, այն նաև շատ դժվար է, և համարվում է աշխարհի ամենադժվար լեզուներից մեկը՝ ուղղագրությամբ և քերականությամբ: Միգուցե արտասահմանից եկած մարդկանց համար այն սովորական լեզու է, սակայն հայ ժողովրդի համար այն իսկական ՙսրտի լեզու է՚: Եվ իզուր չէ, որ դարերով հենց հայերեն լեզուն է պահել մեր երկիրը ամուր, հայերեն լեզվով են պահպանվել ու հազարամյակներով մեր օրեր հասել պատմության էջերը: Շատ եմ սիրում հայերենը, այն կարծես երաժշտություն լինի և ամեն մի բառ հնչում է ինչպես երգի մի տող: Շատ հպարտ եմ, որ լավ տիրապետում եմ հայերենին և կարիքը եղած դեպքում կարողանում եմ օգնել լեզվին վատ տիրապետող մարդկանց: Եվ իրոք, ինչպե՞ս կարելի է մանկուց խոսել մի լեզվով և չսիրել այն: Հայերենը նաև շատ հարուստ լեզու է. մի բառն ունի տասնյակ հոմանիշներ և հականիշներ, միևնույն միտքդ կարող ես ձևակերպել տարբեր կերպ: Միայն կարող եմ ասել, որ ամեն մարդու համար իր լեզուն է հարազատ ու սրտին մոտ: Իսկ ես միշտ խոսել եմ, խոսում եմ և հետագայում խոսելու եմ իմ պայծառ, չքնաղ ու երգեցիկ հայերենով: