Հին ժամանակներում փողոցներով պտտվում էին մի քանի աշնանային տերևներ: Մեկը՝ կարմիր, մյուսը ՝ դեղին, իսկ երրորդը՝ նարնջագույն:

Նրանք համարվում էին քաղաքի ամենահայտնի և գեղեցիկ տերևները: Այլ տերևներ նախանձում էին նրանց, և տարիներով փորձում էին բացահայտել նրանց գեղեցկության գաղտնիքը:
Օրերից մի օր, տերևները ինչպես միշտ շրջում էին քաղաքով մեկ:
-Աշնանային օր է, բայց այսքան շոգ: Այ քեզ բան, մի հով տեղ չկա, — ասաց դեղինը:
Կարմիրն ասաց.
-Ճիշտ է: Ընկերներ, ինչ ե՞ք կարծում կարող է մի հով տեղ փնտրենք, գնանք պառկենք:
Նարնջագույնն ասաց.
-Օհ, տեսնում եք այն այգում նստած տատիկին: Կարո՞ղ է մոտենանք, նա կարծես աշուն տատիկը լինի:
-Էլի դու ամեն ինչ կապում ես այդ հորինված կերպարի հետ: Իսկ տեղը վատը չէ, գնանք, — պատասխանեց բաց նարնջագույնը:
Տերևները մոտեցան տատիկին: Տատիկը ուներ նարնջագույն մազեր, կարմիր սվիտեր, բաց նարնջագույն տաբատ, կարմիր կոշիկներ և գեղեցիկ դեղին վերարկու: Տատիկի մոտ կար մեծ զամբյուղ, որի մեջ մրգեր էին:
-Տատիկ, բարև, — ասաց կարմիրը:
Տատիկը նայեց նրանց:
— Մենք այն տերևներն ենք, հայտնիները. — ասաց նարնջագույնը:
Տատիկը ժպիտով պատասխանեց.
-Ես Աշուն տատիկն եմ, կարծում եմ տեսքիցս հասկանալի է:
-Օհ, և իրո՜ք, նարնջագույնը ճիշտ էր, — հաստատեց դեղինը:
-Տեսա՞ք, ես ասում էի չէ, որ Աշուն տատիկը հորինված կերպար չէ, նա իրոք գոյություն ունի: Մենք վերջապես հանդիպեցինք, տատիկ:
-Դուք երևի շոգում եք, եկեք միասին միրգ ուտենք, — տերևների աշխույժ տեսքից ոգևորված ասաց տատիկը:
-Այոոո, միր՜գ, — գոչեց դեղինը:
Այդ պահին եղանակը կտրուկ վատացավ, և հորդառատ անձրև սկսվեց:
-Միրգ չե՞նք ուտի, — հարցրեց դեղինը
-Կուտենք, բայց իմ տանը, — պատասխանեց տատիկը:
-Տիկին, շատ շնորհակալ կլինենք: Մենք կթրջվենք և մեր փայլուն տեսքը կկորչի, — շնորհակալություն հայտնեց կարմիրը:
Այսպիսով նրանք գնացին Աշուն տատիկի հետ և սկսեցին բնակվել նրա տանը: Այդ օրվանից նրանք միասին էին դուրս գալիս աշնանային օրերին փողոց՝ իրենց խայտաբղետ տեսքով զարդարելով քաղաքը, այգիներն ու պուրակները: Եվ հենց այդ հանդիպումից հետո տարվա ամենասիրուն ու գունեղ եղանակը կոչվեց Աշուն տատիկի անունով, իսկ նրա թոռնիկ տերևները դարձան աշնան երեք ամիսները՝ սեպտեմբերը, հոկտեմբերը և նոյեմբերը: