
- Ի՞նչ է եղանակը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ականատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամպում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:
- Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տարբեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:
- Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Ենթադրենք դուք պլանավորում եք ամառային մի օր ուղևորվել Սևան: Ահա գալիս է այդ օրը, շատ շոգ է լինում, դուք շատ թեթև հագնվում եք և գնում եք Սևան: Սակայն երբ դուք արդեն հասնում եք ափ, եղանակը կտրուկ փոխվում է, անձրև է գալիս, փոթորիկ է բարձրանում: Եղանակի կանխատեսմանը հետևելը շատ կարևոր բան է, հատկապես արշավներ ուղևորվելուց առաջ: Իսկ եթե դուք նայեիք եղանակի կանխատեսումը, գուցե տեղյակ լինեիք, որ այդ օրը Սևանում եղանակային փոփոխություններ են տեղի ունենալու և կհետաձգեիք Ձեր ճանապարհորդությունը: Եղանակի կանխատեսումը ցույց են տալիս ամեն օր բոլոր լրատվական կայքերով և լրատվական ալիքներով: Դա նշանակում է, որ մարդիկ հաղորդում են մոտակա օրերի եղանակային փոփոխությունների մասին և տեղեկացնում ջերմաստիճանային իջեցումների և բարձրացումների մասին: