
Մի հունիսյան երեկո Նռանեն մայրիկին հարց տվեց.
-Մայրի՛կ, մայրի՛կ, իսկ ե՞րբ կգա գարունն աննման, ե՞րբ կբացվեն տերև ու թուփ, էն սիրուն բողբոջները ե՞րբ կհայտնվեն:
-Սիրելի՛ս, ամառ է դեռ բակում, դեռ շատ կա, ի՞նչ ես ուզում այդ գարնանից, կգա հաստատ, չի փախչի նա ոչ մի տեղ:
Այսպես անցան հուլիսն ու օգոստոսը, աղջիկը կրկին հարցրեց.
-Մայրի՛կ, մայրի՛կ, դե ին՞չ, եկա՞վ էն գարունը գեղեցկադեմ, թե՞ էլի չէ, էլի շո՞ւտ է, ե՞րբ կգա նա, աս՛ա, դե:
-Սիրունիկս, երբ որ սկսեք սովորել գարնանային բանաստեղծություններ, այդ ժամանակ կնշանակի, գարունն է եկել:
Այսպես շարունակվեց հոկտեմբեր- նոյեմբեր, դեկտեմբերն եկավ Նռանեն հարցրեց.
-Մայրիկ, մայրիկ եկա՞վ գարունն արդեն, ե՞րբ պետք է խաղամ ծաղիկների մեջ:
-Շուտո՛վ, փոքրիկս, այ արդեն շուտով, դեկտեմբերն եկավ, մնաց 3 ամիս, մի քիչ էլ դիմացիր։
-Էհ, մայրիկ վերջապես, ահա, գարունը շուտով մեր կերևա։
-Ճիշտ ես փոքրիկս — ասաց մայրը ժպտալով, — շուտով կգա, մի վախենա, չի փախչի նա։
Եկավ Նոր տարին, մայրիկն ասաց Նռանեին.
-Գրիր աղջիկս մի նամակ ձմեռ պապին, թող բերի նա այս տարի քեզ ինչ որ կուզես։
Ասպես աղջիկը նստեց, սկսեց գրել Ձմեռ պապիկին. «Մեր սիրելի Ձմեռ Պապ, շնորհավոր քո Նոր Տարին։ Այս տարի խնդրանքս հեծանիվ ու կոնֆետ չէ: Այս տարի ուզում եմ, որ ամանորյա գիշերը գարուն բերես ինձ համար, գարուն բերես քնքուշ , աննման, որ նայեմ, հմայվեմ ու խաղամ ծաղիկների հետ»։
Մայրն այս նամակը կարդալով ասաց.
-Փոքրիկս, ախր Ձմեռ Պապը չի կարող բերել քեզ գարուն, գարունն ինքը կգա, հասկացիր։
-Չէ մայրիկ, թող, թող մնա: Վստահ եմ նա ինձ գարուն կբերի:
-Սպասիր փոքրիկս ամանորյա հրաշքին, ասում են, եթե հավատաս, ամեն ինչ կլինի:
Այսպես եկավ ամանորյա գիշերը, երեխան անհամբեր մոտեցավ տոնածառին, որ տեսնի իր նվերը:
Մոտեցավ տեսավ մի գեղեցիկ շինություն, գեղեցիկ գարուն՝ պատրաստված ապակուց: Ծառերը ներկված էին վարդագույն, դեղին, կանաչ խոտեր էին ամենուր ու ջերմ անձրևներ։
-Մայրիկ, — ասաց նա, մի՞թե սա է գարունը, այս ապակյա շինությունը, մի՞թե այս ձմռանը միայն ես գարուն ունեմ:
-Չէ փոքրիկս, սա խաղալիք է գարնանային տեսարանով։ Բայց դու նայիր ու հավատա, որ սա գարունն է, միայն քո գարունը:
Այսպես աննկատ անցավ հունվարը, փետրվարին Նռանեն հարցրեց մորը.
-Մայրիկ, հաստատ հիմա եկավ չէ՞ գարունը։ Մտածում եմ արդեն գեղեցիկ չէ, այնքան ուշացավ, որ երևի ալևոր դարձավ:
-Չէ փոքրիկս, մի ասա այդպես: Կգա արդեն, մի քանի օրից:
-Չէ, մայրիկ չեմ հավատում ես, չի գա, էլ չի գա, գարունը ծեր…
Այսպես մի արևոտ առավոտ աղջիկն արթնացավ ու զարմացած հարցրեց մայրիկին.
-Մայրիկ, այս ի՞նչ է, այգում լիքը ծաղիկներ են, բակում թեթև հագուստով երեխաները, ուրախ-զվարթ խաղում են։
-Օ՜հ Նռանե, ահա եկավ քո գարունը ալեհեր…