- Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա: Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կոմունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտագործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության համար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմարան են:
- Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը: Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերական ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրերով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգտագործման համար ոչ պիտանի:
- Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշխատանքներ են կատարվում: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տարբեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ միջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կառուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրամաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:
- Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:
- Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է: Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումներից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում արդեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հալեցումը և օգտագործումը: