
Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։
***
Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:
***
Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:
***
Կոմիտասը բացի հանճարեղ լսողություն ունենալուց, նաև շատ հումորով էր: Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
***
Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով, անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ, նոտագրում էր առանց ջնջումների: Մտերիմները պատմում են, որ նա նաև շատ մաքրասեր էր: Հագուստն ու մազերը միշտ փայլում էին, ճամփորդելուց վերադառնալուց չէր ճաշում մինչև լողանալն ու մաքուր հագուստ հագնելը:
***
Կոմիտասը չէր խմում ու չէր ծխում: Ասում են՝ ամառ, թե ձմեռ՝ քնում էր բաց պատուհանով: Պառկում էր հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:
***
Տաղանդավոր պարող էր: Ճեմարանի հավաքույթների ժամանակ ներկաների խնդրանքով կատարում էր իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը:
***
Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում. Ասում էր. «Ես սակավ ուտելիքով կապրիմ, բայց առանց օդ ծծելու՝ երբեք. իմ առաջին սնունդը ազատ օդի մեջ զբոսնելս է»: Կոմիտասը նաև շատ սիրում էր ծաղիկներ: Նրա բնակարանը միշտ զարդարված է եղել իր սիրած վարդերով ու մեխակներով: