Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ գտնի դրանց պատասխանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:
Հարցեր և առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Խրճիթ- Փայտե, գյուղական տուն, զանազան- տարբեր, թոթվել- ուսերը թափ տալ:
- Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս: Որովհետև նա ինքն էլ տարօրինակ էր ապրում և չէր էլ մտածում, որ իր հարցերը նույնպես տարօրինակ են ու ոչ խելամիտ:
- Քեզ համար ի՞նչն է ձանձրալի: Քնելը, որովհետև երբ ես քնած եմ, չեմ կարողանում խաղալ, խոսել, երգել, պարել: Դրա համար էլ քնելը ձանձրալի զբաղմունք է:
- Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:
ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: Որպեսզի դարակների փոխարեն սեղանի վրա հաց ուտեն:
բ. — Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: Որովհետև պոչին գլուխ է պետք:
գ. — Ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Որ մլավեն:
դ. — Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Որովհետև գրել չգիտեն:
ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի: Որպեսզի չմրսի:
- Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:
Հարցասիրություն- հարցաթերթիկ, սիրային:
Պատառաքաղ, ծաղկաքաղ, պատառոտել:
Հուսահատվել- անհույս:
Տեղափոխվել- տեղանք, զգեստափոխվել:
Նամականիշ – նամականի, թվանշան:
Գարեջուր- գարեհատիկ, աղաջուր:
Ուսումնասիրեց- ուսանող, սիրեկան:
Հայտնագործություն- հայտնի, գործազուրկ:
Թարսերես- երկերեսանի:
- Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները: Սովորական, թարս, զանազան, նոր նոր, ճիշտ:
- 7. Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:
Բարձրահասակ տղա, ձմեռային օր, հետաքրքիր հարցեր, մութ խրճիթ, շիկամազ կատու, երկար բեղ, սիրային նամակ, բարակ տետր, ծակ գուլպա, խելացի գիտնական: