
Ողջույն, սիրելի ընկերներ: Երեկ իմ դասընկերների հետ գնացել էի Սիրահարների այգի: Ժամը 11:00 մենք արդեն ուսումնական ավտուբուսի մեջ էինք: 11:30 մենք որոշեցինք Բաղրամյան փողոցում կանգ առնել և ուսումնասիրել Բաղրամյանի ձիարձանը: Ես և իմ ընկեր Ալեքսը մի փոքր պատմեցինք ձիարձանի մասին և շարժվեցինք առա՜ջ:
Որոշեցինք զբոսնելով հասնել Սիրահարների այգի: Երբ մենք արդեն տեղում էինք, ջուր խմեցինք և առաջ շարժվելով տեսանք հայ գրող Գևորգ Էմինի հուշարձանը: Ցավոք հուշարձանից կատվին գողացել էին: Հաջորդը՝ Արմենուհու հուշարձանն էր: Հետո նախաճաշեցինք և շարունակեցինք մեր ուսումնական ճամփորդությունը: Գեղեցիկ ու տպավորիչ էր ՙՍիրո միություն՚ քանդակը, որը խորհրդանշում է Երևանի նկատմամբ մեծ սերը: Ես պատմեցի հուշարձանի մասին և մենք շարժվեցինք առաջ:

Հետո քայլելով հասանք Կասկադ: Այստեղ մեզ առաջինը դիմավորեց Երևանն այսքան սիրուն նախագծած, հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը: Այն շատ ազդեցիկ էր և կառուցված էր այնպես, կարծես, Թամանյանը հենց այս պահին էլ աշխատում է և մտածում մայրաքաղաք Երևանի մասին:
Հետո բոլորիս զարմացրեց ՙԿատու՚ և ՙԾխող կինը՚ արձանները, որոնց հեղինակն է կոլումբիացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն: Ուսումնասիրեցինք, մտքեր փոխանակեցինք արձանների մասին և շարժվեցինք առաջ:

Քայլելով ու մեր քաղաքի գեղեցկությունը վայելելով՝ հասանք Օպերա և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Այստեղ նկարվեցինք կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հուշարձանների մոտ:
Հեռվից նկատեցինք նաև Սայաթ-Նովայի և Կոմիտասի հուշարձանները, մի քանի տող երգեցինք և շտապեցինք դեպի դպրոց: