
Ողջույն, սիրելի ընկերներ: Շուտով ամառային արձակուրդներն են: Վստահ եմ, որ բոլորդ սկսել եք ստուգել, արդյո՞ք Ձեր գրքերը լավ վիճակում են փոխանակելու կամ կարդալու համար:
Ես և իմ ընկերները նույնպես մտածեցինք այդ թեմայով և որոշեցինք հանդիպել մի շատ հայտնի հրատարակչության հետ, որի անունն է «Զանգակ»:
Հանդիպման առիթը հետևյալն էր. Զանգակ հրատարակչությունը հայտարարել է մանկապատանեկան մրցույթ՝ ՙԸնթերցիր, փոխանակիր, զարգացիր. 3 ամիս միասին՚ խորագրով, որին կարող եք մասնակցել նաև դուք: Ես և ընկերներս անպայման մասնակցելու ենք:
Այսօր կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան գրադարան»-ում հյուրընկալեցինք 2 աղջիկների, ովքեր աշխատում են «Զանգակ»-ում: Մի խաղ խաղացինք. նրանք մեզ բաժանեցին տարբեր քարտեր: Օրինակ՝ եթե մեկիս քարտը համընկնում էր մյուսի քարտի հետ, ապա մենք փոխանակվում էինք մեզ տրամադրված գրքերով: Հետո մեզ ցույց տվեցին հրատարակչության թռուցիկները, էջանշանները, խնդրեցին ծանոթանալ, ապա նաև նվիրեցին:
Այնտեղ կային հրատարակչության հետ աշխատող գրախանութների անուններ, հասցեներ և հեռախոսահամարներ:
Մենք պետք է ընտրենք բուկլետներում ներկայացված գրքերից մեկը, գնենք և ընթերցենք: Բուկլետում կան նաև հանդիպումների ծրագրեր, ժամեր, օրեր: Երեք ամիս մենք ունենալու ենք հետաքրքիր հանդիպումներ, խաղալու ենք զվարճալի խաղեր, և ամեն հանդիպման ժամանակ փոխանակվելու ենք ընկերների հետ գրքերով:
Ի դեպ, այս ամենի հետ մեկտեղ, կա նաւ մի հաճելի անակնալ: Եթե թռուցիկում նշված գրախանութներից մեկից գնենք «Զանգակ» հրատարակչության մի գիրք, ապա կստանանք գեղեցիկ, գունավոր քարտ, որի օգնությամբ կարող ենք 3 ամիս անվճար օգտվել այդ հրատարակչության գրքերից:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ www.zangak.am/amar հասցեով:
Եթե ուզում ենք բովանդակալից ամառ ունենալ և ճանաչվել լավագույն ընթերցող, ապա պետք է բաց չթողնենք ոչ մի հանդիպում, կարդանք շատ գրքեր և կանոնավոր կերպով փոխանակվենք դրանցով: