
Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան): Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679 թ., Երևան):
Գետի ափերը բնակեցված են եղել դեռևս հին քարի դարից սկսած (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Ափերին են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):
