Ողջունում եմ բոլորին: Ես Եվա Պապյանն եմ: Այսօր մի փոքր կպատմեմ, թե ինչ ձեռքբերումներ եմ ունեցել Սեբաստացի ընտանիքի անդամ դառնալուց հետո: Ես շատ փոքր տարիքից եմ մուտք գործել այս ընտանիք, և հիմա շատ եմ հուզվում գրելուց, քանի որ մեծ ջերմությամբ հիշում եմ իմ մանկապարտեզի կազմակերպիչներ ընկեր Օլյային, ընկեր Սաթենին և հիմա էլ նույն ձևով հրաժեշտ պետք է տամ իմ դասվարին՝ ամենաբարի ընկեր Մանուշակին:
Այո, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն իմ երկրորդ ընտանիքն է: Բացի գեղեցիկ, խելացի ու բարի դասվարներից, լիքը գիտելիքներից, ես ձեռք եմ բերել նաև հիանալի ընկերներ, որոնց հետ անցնում է իմ օրվա մեծ մասը և որոնցից նույնպես ես շատ պիտանի բաներ եմ սովորում: Օրինակ՝ ընկերուհուս՝ Լիլի Մինասյանի շնորհիվ սովորել եմ paint ծրագրով որոշակիորեն ավելի լավ նկարել: Նռանե Մուրադյանն ինձ մի քանի մարզական հնարքներ է սովորեցրել, որի արդյունքում ավելի ճկուն եմ դարձել:
Սեբաստացի սովորող լինելն իսկական հաճույք է: Այստեղ ոչ միայն գիտելիքներ եմ ստանում տարբեր առարկաներից, այլ նաև բացահայտում հետաքրքիր բաներ, կազմակերպում իմ առօրյան ճամփորդությունների, տարբեր ուսուցողական ու խաղային գործունեության միջոցով: Մեզ սովորեցնում են դասընկերներով ոչ թե մրցել, այլ միմյանց օգնել, միմյանց փոխանցել մեր գիտելիքները ու վերաբերվել հարազատի նման:
Ես շատ եմ սիրում գրել, ստեղծագործել, լուսանկարվել ու տարբեր տեսանյութեր պատրաստել: Եվ դա չվրիպեց իմ հոգատար դասվարի՝ Մանուշակ Աբրահամյանի աչքից և նա առաջարկեց զարգացնել իմ կարողությունը և ունենալ սեփական TV-ն: Այսօր ես արդեն ունեմ հաղորդումների շարք, օգտակար ընթերցանություններ, որոնք կարծում եմ դասընկերներս մեծ հետաքրքրությամբ են դիտում:
Շատ պատմություններ կարող եմ հիշել, սակայն գիտեմ, որ այս լավ հիշողությունները և տպավորությունները դեռ սկիզբն են և անպայման շարունակվելու են:
Ես վստահ եմ, որ 4-րդ դասարանում էլ կունենամ նույնքան լավ ու բարի ուսուցիչներ և նույնքան հետաքրքիր, շատ ձեռքբերումներով լի ուսումնական տարի:
Կհանդիպենք հաջորդ ուսումնական տարում:
Սիրով՝ Եվա Պապյան: