Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել: Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը: Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու: Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:
Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է: Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով: Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:
Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ: Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա: Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով: Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Անծանոթ բառ չկա:
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Ճանապարհ, քաղցր, վայրկյան
- Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
Հրաշք — կախարդանք
Ճանապարհ — ուղի
Իսկույն — անմիջապես
Ամուր — ուժեղ
Բուսնել — ծլել
Խոշոր — մեծ
- Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
Հրացանը թափահարեց, Եղջերուն թնդաց, բայց միայն գլուխը
Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:
Նշան անկենդան բռնեցի գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:
Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:
- Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է: Ոչ, քանի որ կան կենդանիներ, որոնք մարդկանց, հատկապես գյուղացիներին օգնում են ապրել, իսկ մարդիկ սպանում են նրանց: Եվ ընդանրապես, եթե նրանք չեն էլ օգնում մարդկանց, պետք չէ նրանց սպանել, քանի որ նրանք բնության մի մասնիկն են և բնությունն առանց կենդանիների չի կարող, եթե սպանում եք կենդանի, սպանում եք նաև բնությանը:
- Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power point-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը: Բարոն Մյունխհաուզենն ու քաղցր օդապարիկը
Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել, քնաթաթախ էի, չէի կարողանում մտքերս հավաքել: Սկսեցի հագնվել և հանկարծ տեսա, որ կիսամերկ հայտնվել եմ անտառից քիչ հեռու փողոցում, մի կրպակի մոտ, որտեղ քաղցր բամբակ են վաճառում: Անելիքներս որոշելուց առաջ մտածեցի նախ մի փոքր բերանս քաղցրացնել: Վաճառողից մի բամբակ խնդրեցի, բայց նա այլմոլորակային հանդիպածի դեմքով նայեց վրաս և վախենալով մի բամբակ տվեց:
Ես վերցրեցի իմ քաղցրավենիքը և շտապեցի մահճակալիս մոտ: Սկսեցի ուտել: Երբ վերջացրեցի, վերջին պատառիս մեջ մի թղթի կտոր գտա, որի վրա գրված էր. «Բարոն Մյունխհաուզեն, եթե սեղմես թղթիկի վրայի կարմիր կոճակին, բամբակը ամպի նման կմեծանա և քեզ կթռցի շա՜տ հեռու»: սկզբում վախեցա, բայց հետո մտածեցի՝ ինչ լինում է, թող լինի, ավելի վատ չի կարող լինել, միգուցե այսպես կարողանամ տուն թռչել: Ես աչքերս փակեցի և սեղմեցի: Ու անհավատալի է, բայց ես հայտնվեցի իմ տան ննջասենյակում, պատկերացնու՞մ եք: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Իսկ դուք հավատու՞մ եք այս պատմությանը: