Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաև ծովերի ու օվկիանոսների վրայով, և ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:
Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ – որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:
Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց և ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:
Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:
Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞:
Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:
Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետև այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:
Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում և ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:
Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:
Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին և գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին և ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա և, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:
— Բարեբախտաբար, — կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետև այդ թագավորը շատ խիստ մարդ էր և կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:
Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, և նրա թագն ինձ առաջարկեց:
— Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:
Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:
Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետև վարունգ չեմ սիրում:
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Չկա անծանոթ բառ
- Տրված համառոտ նախա դասությունները ընդարձակի՛ր:
Եղանակը հրաշալի էր: Երեկ այստեղ եղանակը հրաշալի էր:
Փոթորիկ բարձրացավ: Հանկարծ սարսափելի փոթորիկ բարձրացավ:
Ժողովուրդը ուրախացավ: Այդ անսպասելի լուրից ժողովուրդը շատ ուրախացավ:
- Դուրս գրի՛ր հոգնակի բառեր և դարձրո՛ւ եզակի:
Օրինակ՝ անտառներ-անտառ
Դաշտեր- դաշտ
Ծովեր- ծով
Օվկիանոսներ- օվկիանոս
Արկածներ- արկած
Ամպեր- ամպ
Ծառեր- ծառ
Արմատներ- արմատ
Ճյուղեր- ճյուղ
- Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր և լրացրո՛ւ աղյուսակը:
Ինչպիսի՞ | Ի՞նչ | Ի՞նչ է անում |
Մեծ | Նավ | Լողանում է |
Ուժեղ | Եղանակ | Գցում է |
Զարմանալի | Ծառ | Բարձրանում է |
Չքավոր | Կղզի | Սիրում է |
Հաստ | Խարիսխ | Աճում է |
- Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր: Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր և հրապարակիր բլոգում:
«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին» , «Ելակի ծառերի անտառում»
Լինում է չի լինում, մի կղզի է լինում: Բայց այդ կղզին սովորական չի լինում, այլ թռչող: Եվ գիտե՞ք, այդ կղզին ամեն վայրկյան չէր թռչում, այլ, երբ կղզի անծանոթ մարդիկ էին գալիս: Մի անգամ կղզի երկու աղջիկ էին եկել՝ Աննան և Լառան, նրանք չգիտեին, որ կղզին թռչում է: Ասեմ ավելին, կղզին կարողանում էր խոսել և մտածել : Առաջին օրը թռչող կղզին մտածեց. «Շատ լավ հյուրեր են այս աղջիկները, այսօր թող մի քիչ հանգստանան, իսկ վաղը նրանք մի լավ օդային ճանապարհորդություն կկատարեն»:
Հաջորդ օրն առավոտյան աղջիկներն արթնացան իրենց վրաններում և թռչող կղզու փոքրիկ լճակի ջրով լվացվեցին: Արթնացավ նաև թռչող կղզին և աստիճանաբար սկսեց աղջիկներին օդ բարձրացնել: Սկզբում նրանք չհասկացան, թե ինչ կատարվեց, բայց հետո շատ ուժգին վերև թռան և մի քանի րոպե անց բղավոցներով ընկան գետին և վազեցին մոտակա Սիլքիբաիոլկա գյուղն օգնություն խնդրելու: Աղջիկների պատմածից գյուղացիները շատ վախեցան, բայց հետո մի քաջ գյուղացի ասաց, որ օդապարիկ ունի և կարող է օգնել աղջիկներին: Նրանք նստեցին մի մեծ օդապարիկ և թռան դեպի կղզին: Հեռվից նկատելով կղզու աչքերը և հսկայական թևերը, նրանք օդապարիկն այնպես քշեցին, որ այն դիպչեց կղզու թևերին և կոտրեց դրանք: Ճիշտ է, աղջիկները չէին ուզում վնասել այդ արտասովոր կղզուն, բայց ուրիշ տարբերակ չունեին: Ստիպված էին փրկել թե իրենց, թե մյուս հանգստացողներին:
Այդ դեպքից անցել են շատ տարիներ, կղզին նորից իր տեղում է, բայց այլևս չի թռչում ու չարաճճիություն չի անում, այլ միայն ժպտում է և գրկաբաց ընդունում իր հյուրերին: