Գորգի տակ
Դոնալդ Բիսեթ
Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել: Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկն հարցրեց նրանց.
— Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
— Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
— Ես երևակայական վագր եմ:
— Ես երևակայական ձի եմ:
— Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
— Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
— Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
— Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:
Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:
Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում: Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:
Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.
— Խոտով բրդուճ:
Շեյլան չհավատաց ականջներին:
— Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:
Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.
— Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամը քանի՞սն է:
— Եղավ,-ասաց Շեյլան:
Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:
— Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
— Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
— Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
— Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
— Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
— Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
— Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց. «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց, զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:
Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:
— Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:
Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից խռմփոցի ձայն էր լսվում:
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով ինչպիսի՞ն էին երևակայական ձին և վագրը: Դե անընդհատ երևակայում էին, օրինակ ինչպե՞ս կարող էին նկարած բրդուճ ուտել, հովանոց ունենալ և պաշտպանվել անձրևից: Նրանք նաև զվարճալի էին: Ա՜խ, ես էլ կուզեի ապրել գորգի տակ և երևակայել;
- Պատմի՛ր աղջկա մասին: Աղջիկն էլ էր զվարճալի ու մի քիչ էլ միամիտ, որովհետև հավատում էր, թե գորգի տակ վագր ու ձի են ապրում և անընդհատ կատարում էր նրանց ցանկությունները: Իմ կարծիքով նա բարի ու մի փոքր էլ չարաճճի է:
Ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ: Ինչու՞: Մի փոքրիկ երևակայական կատու, որովհետև տան մեջ իսկական կատու պահելը բավականին դժվար է:
Նկարագրի՛ր ձեր հյուրասենյակը: Մեր հյուրասենյակը բավականին մեծ է, քանի որ այն խոհանոցի հետ միասին է: Հյուրասենյակում ունենք անկյունում դրված մեծ բազմոց, փոքրիկ սեղան, անմիջապես բազմոցի կողքին մի պահարան, որի վրա դրված են գրքեր և մեր ընտանիքի նկարները: Սենյակում կա նաև մի փոքր գորգ, պատի վրա հեռուստացույց, պատուհաններ և վարագույր: - Իսկ դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզեիր ապրել: Ես կուզեի իմ մայրիկի և հայրիկի հետ ապրել մեծ դղյակում:
- Կանաչով նշված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմի՛ր:
Օրինակ՝ լուսամուտ= լույս+մուտ, լուսամփոփ, շքամուտք
հյուրասենյակ- հյուր+ սենյակ, հյուրանոց,հյուրասեր,դասասենյակ, ննջասենյակ
Ժամացույց- ժամ + ցույց, դասաժամ, ժամանակավոր, օրացույց, ցուցամատ
- Դեղին նշված բառերի հականիշ բառերը գրի՛ր:
Օրինակ՝ տակ-վրա
հին- նոր
տակ – վրա
կամաց- ուժեղ
քիչ- շատ
հայտնվեցին- անհետացան
առավոտյան- երեկոյան
լուռ- աղմկոտ
- Նախադասությունը համառոտի՛ր՝ թողնելով ո՞վ, ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:
Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Մայրիկն ավլում էր:
Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց: Աղջիկը նկարեց:
Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց: Նա նկարեց.