Շունն ու կատուն

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IVշունն ու կատուն

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Մուլտֆիլմն՝ այստեղ:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր: Ճոն- մորթագործ, մուշտակագործ, ճանկել- գողանալ,  կուշտ- կողքը, համա-համա- հանկարծ, կուրք- մուշտակ, փափախ- մորթուց գլխարկ, կուճի- գլուխ, մուշտարի- հաճախորդ, էգուց- վաղը, ցրցամ տալ- թրջել, դիվանբաշի- դատավոր, կոտըրն ընկնել- աղքատանալ:
  2. Խորհուրդ տուր շանը: Նախ խորհուրդ կտամ ոչինչ չգողանալ, և հետո չհավատալ կատվի սիրուն ու քաղցր խոսքերին:
  3. Քո կարծիքով ճիշտ վարվե՞ց կատուն: Ոչ, որովհետև նա խաբեց շանը, իսկ խաբել ոչ մեկին չի կարելի:
  4. Համացանցից 5 տեղեկություն գտիր կատվի կամ շան մասին: 1- Հին Եգիպտոսում կատուն պաշտամունքի առարկա է եղել, քանի, որ պարկերի ցորենն ուտող մկներին կատուները որսում և ուտում էին: Այդպիսով փրկում էին մարդկանց սովից: 2- Կատուները գիշերները տեսնում են նույնքան լավ, որքան ցերեկները: 3- Կատուները չեն զգում քաղցր համը: 4-Կատուները կարող են տարեկան մոտ 100 ձագ ունենալ:
  5. Կատուները շատ զգայուն են, նրանք զգում են իրենց տիրոջ տրամադրությունը: